Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել
ԱշխարհԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում նոյեմբերի 26-ին տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով առնվազն ինը մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Բանգկոկի Էրավան բժշկական կենտրոնի տվյալներով՝ վիրավորների մեծ մասը այրվածքներ է ստացել, երեք մարդ գտնվում է ծանր վիճակում։
Բնակիչներին ուղարկված հաղորդագրության մեջ նշվել է, որ միջադեպը տեղի է ունեցել ժամը 15:00-ի սահմաններում. մարդկանց խորհուրդ է տրվել խուսափել տվյալ տարածքից։ Քաղաքային իշխանությունները կարճ ժամանակ անց հայտնել են, որ հրդեհը մարվել է։
Պաշտոնյաներն ավելի ուշ հայտնել են, որ մոտակա շենքերի բնակիչները կարող են վերադառնալ տուն, սակայն օբյեկտից 5 կիլոմետր շառավղով ապրողներին խորհուրդ են տվել զգույշ լինել՝ կապված օդի աղտոտվածության հետ։
Աղտոտման վերահսկման վարչությունը հայտարարել է, որ մասնագետներ են ուղարկվել շրջակա տարածքում օդի և ջրի որակը գնահատելու համար։
Bangchak կորպորացիան, որին պատկանում է նավթավերամշակման և պահեստավորման համալիրը, ֆեյսբուքյան գրառման մեջ հաստատել է հրդեհի փաստը՝ նշելով, որ պատճառը պարզվում է։ Ընկերությունը նաև հայտնել է, որ դադարեցրել է արտադրական բոլոր գործընթացները։
Էներգետիկայի նախարար Ականատ Պրոմֆանը հայտնել է, որ հրդեհն, ըստ երևույթին, սկսվել է նավթավերամշակման գործարանի միավորներից մեկում, որը գտնվում է նավթի պահեստից մոտ 100 մետր հեռավորության վրա։
«Եթե հարյուր տոկոսով համոզված չլինենք, որ նավթի պահեստն անվտանգ է, թույլ չենք տա վերսկսել աշխատանքները», – ասել է նա։
Օրական 120 000 բարել նավթ վերամշակելու հզորություն ունեցող գործարանը Թաիլանդում մեծությամբ հինգերորդն է և միակը, որը գտնվում է քաղաքային տարածքում։
2012 թվականի հուլիսին այս գործարանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով վնասվել էր հարակից բնակելի թաղամասը, իսկ օբյեկտի վերանորոգման համար պահանջվել էր երկու շաբաթ։
Հետևեք մեզ՝ այստեղ