«Անբարոյականություն է ինձ հետ կապելը». Վահրամ Բաղդասարյան
ՏնտեսությունԼոռու մարզի Արդվի գյուղի բնակիչները այսօր վաղ առավոտից փակել են ճանապարհը և բոյկոտում են ոսկու-բազմամետաղային հանքի շահագործման վերաբերյալ այսօր ժամը 12։00-ին նախատեսված հանրային լսումները։
Այնտեղ են նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները: «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել է, որ սարը քանդել վաճառելը շատ հեշտ է, իսկ ուղեղով մտածելը՝ դժվար: «Մեր կառավարությունն ընտրել է հեշտ ուղին: Առնվազն 30 տոկոս սեփականատերը մեզ շատ հայտնի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանն է»,- ասել է Գևորգ Գորգիսյանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը. «Եթե ասում են, որ ես եմ 30 տոկոս սեփականատեր, թող տան ինձ այդ սեփականությունը: Հանքի շահագործումը նորմալ բան է, բայց այն, որ դա ինձ հետ են կապում, անբարոյականություն է: Բացարձակապես ապատեղեկատվություն է»:
Նա նաև նշեց, որ հանքը շահագործելու հետ կապված որևէ խնդիր չի տեսնում, երկրի ընդերքը դրա համար է՝ լինի գունավոր մետաղներ և այլն:
«Մենք ունենք ընդերք, և այն պետք է շահագործվի, իսկ մնացածը շոուներ են: Եթե որևէ մի պատմամշակութային արժեքի հետ գործ ունենք, բնականաբար՝ դա անթույլատրելի է, պատմամշակութային արժեքներն անձեռնմխելի են»,- ասաց նա: