«Թմրամոլն իրենք են՝ իրենց ցեղի հետ միասին»
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է․
«Ովքեր որ ասում են՝ ես թմրամոլ եմ, գլուխները պատովն են տալիս, թմրամոլն իրենք են՝ իրենց ամբողջ ցեղի հետ միասին»,-մեզ հետ զրույցում ասաց Վանաձորում քաղաքապետի թեկնածու առաջադրված, «Հայկական վերածնունդը» ներկայացնող Արկադի Փելեշյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, թե ինքը թմրամոլ է եւ մի քանի անգամ եղել է նարկոդիսպանսերում: «Չէ մի չէ, նարկոդիսպանսերում: Դրանք բոլորը սուտ տեղեկություններ են, նման բան չկա: Հասկացել են, որ իմ դեմ ուրիշ ձեւերով չեն կարող պայքարել, իրենք իրենց վախից են նման բաներ տարածում»,-վրդովված ասաց քաղաքապետի թեկնածուն:
Եթե նման տեղեկությունները սուտ են, գուցե պատի՞վ պահանջեք, դատի՞ տաք Ձեզ զրպարտողներին՝ մեր դիտարկմանը Փելեշյանն արձագանքեց. «Ես դատի տվող տղա չեմ, որ դատի տամ: Ես գիտեմ, թե ոնց իրենց պատասխանատվության կկանչեմ»: Վանաձորում նախընտրական իրավիճակը մեր զրուցակիցը գնահատեց «նորմալ, հանգիստ», իր դիրքերը՝ «շատ ուժեղ», տրամադրությունը՝ «մարտական»: Քաղաքապետ ընտրվելու Ձեր շանսերը որքա՞ն եք գնահատում: «Առաջին տեղ, ինչքա՞ն պիտի գնահատեմ»: Որովհետեւ ուժեղ մրցակիցներ ունեք՝ նոտար Մամիկոն Ասլանյան…։ «Ո՞վ ա ձեզ ասել, որ ինքն ուժեղ մրցակից ա»: Դե, ՀՀԿ թեկնածուն է, սարի պես մեջք ունի, ասում են, թե նա ուժեղ մրցակից է: «Դե ուժեղ ա, թող կրի»: Իսկ Ձեր մյուս մրցակիցների մասի՞ն ինչ կասեք: Օրինակ՝ ԲՀԿ թեկնածու Այծեմնիկ Օհանյան, «Լուսավոր Հայաստանի» թեկնածու Քրիստ Մարուքյան:
Ասում են՝ հատկապես Քրիստն այս ընտրությունների ֆավորիտն է: «Ո՞վ է նման բան ասում, է՜: Ձեր աղբյուրները ձեզ խաբում են: Ես ոչ մեկի մասին ասելու բան չունեմ, ցավդ տանեմ: Ես, ճիշտն ասած, իրենց հետ շփում էլ չունեմ, ով կկրի՝ կկրի: Տեսնենք՝ ով ինչքան ձայն կհավաքի, կտեսնենք ուժեղն էլ, թույլն էլ»: Մի խոսքով, քաղաքապետի ռեալ թեկնածուն Դուք եք: «Ռեալ թեկնածուին ժողովուրդն ամսի 2-ին կորոշի»: Տեղեկություններ կան, որ Դուք այս օրերին բարեգործության անվան տակ գումարներ եք հատկացնում վանաձորցիներին: Մասնավորապես՝ ուսման վարձ եք վճարում, կոմունալ վճարներ: Այդպե՞ս է: «Ես սաղ կյանքս էլ բարեգործությամբ եմ զբաղվել, իմ համար օրը կապ չի ունեցել: Ես էդ սաղ 18 տարեկանից արել եմ, նոր չէ, որ անում եմ: Ու մի բան էլ ասեմ՝ սաղ քաղաքը ինձ ճանաչում ա, նոր չի, որ պիտի նստեմ, ինձ քարոզեմ: Թող մյուսները գնան, իրենց քարոզեն, իրենց ճանաչացնեն»:
Իսկ գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: «Շատ նորմալ, ես նրա հետ 5 տարի աշխատել եմ, ավագանու անդամ եմ եղել, ես Դարբինյան Սամվելից ոչ մի վատ բան էլ չեմ տեսել»: Ինքն է՞լ է Ձեզ սատարում այս ընտրություններում: «Ո՞նց կարող է ինքն ինձ սատարի, նա ՀՀԿ-ից է: Միանշանակ, նա ինձ չի սատարում, այլ ՀՀԿ-ի թեկնածուին՝ Մամիկոն Ասլանյանին»: Ձեր ընտրողներին կոչ, մաղթանք, ասելիք ունե՞ք: «Բոլորն էլ գիտեն, որ եթե ինձ ընտրեցին, ես դարձա քաղաքապետ, իմ ձեռքից եկած ամեն բանն էլ անելու եմ»: