Մոդելի մասնագիտությունը բոլորովին այդքան հեշտ չէ, որքան թվում է: Երբեմն նրանք նույնիսկ կարող են կանչվել պատասխանատվության օրենքի առաջ: EnterTrain-ը ներկայացնում է նման մի իրավիճակ, որը գրանցվել է Ռուսաստանի Նաբերեժնիե Չելի քաղաքում:

Օրերս տեղի իշխանությունների ուշադրությունը գրավեց հարսանեկան մի ամսագիր, իսկ ավելի կոնկրետ՝ նրանում տեղ գտած լուսանկարների շարքը, որն արվել էր լքված, կիսավեր եկեղեցում: Քսենիա Կալուգինա անունով մոդելը լուսանկարվել է թափանցիկ զգեստով, ինչը միանգամից համարվել է հավատացյալների զգացմունքները վիրավորող գործողություն: Արարք, որը գրանցված է երկրի դատական օրենսգրքում: Թերևս հասկանալի չէ, թե այդ տրամաբանությամբ արդյոք մոդելից բացի հարկ չէ մեղավոր ճանաչել նաև լուսանկարչին, դիմահարդարին և հարսանեկան ամսագրի ողջ խմբագրությունը:

Տեղի իշխանությունները հայտարարել են, որ եկեղեցին գործող է և այնտեղ պարբերաբար ծեսեր են անցկացվում (թեպետ լուսանկարներից այդպես չի երևում): Այդ իսկ պատճառով այնտեղ անպարկեշտ տեսքով հայտնվելը մեղք է:
Ներկա պահին ֆոտոսեսիան ջնջվել է ամսագրի կայքից:
