НТВ-ի լրագրողին ծեծել են ուղիղ եթերում (տեսանյութ)
ԱշխարհՌուսական НТВ հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Ռազվոզժաևը հարձակման է ենթարկվել ուղիղ եթերում, այս մասին գրում է lenta.ru-ն:
«Տեսություն. Արտակարգ պատահար» («Обзор. Чрезвычайное происшествие») հեռուստածրագրի ժամանակ եթեր դուրս եկած լրագրողն Օդադեսանտային զորքերի օրվա հետ կապված ռեպորտաժ է վարել Մոսկվայի Գորկու անվան այգու տարածքից, որտեղ հավաքվել էին դեսանտայինները։ Նրան է մոտեցել անսթափ վիճակում գտնվող մի տղամարդ, ով բղավել ու սպառնացել է գրավել ամբողջ Ուկրաինան:
Երբ լրագրողը խնդրել է չխանգարել նրա աշխատանքը, տղամարդը հարվածել է Ռազվոզժաևի դեմքին: Եթերն ընդհատվել է, տաղավարում գտնվող НТВ-ի մեկնաբանը նշել է, որ իրենք «որոշակի խնդիրներ» ունեն, և հույս է հայտնել, որ իր գործընկերոջ հետ ամեն բան կարգին է:
Նշենք, որ Ռազվոզժաևի վրա հարձակված տղամարդը կրել է «Օպլոտ» կազմակերպության լոգոտիպով շապիկ: «Օպլոտն» առավել ակտիվացել է ուկրաինական ճգնաժամի ժամանակ՝ 2013-2014թթ.-ին: 2014թ.-ին «Օպլոտ»-ցիները գրավել էին Դոնեցկի պետական խորհրդի շենքը, նույն տարում պաշտոնական Կիևը խմբավորումն ահաբեկչական է անվանել: