Մինչև ատամները զինված «սամբիստ» Վահրամը կալանավորվեց ու տեղափոխվեց Վանաձորի բանտ. Լուսանկարներ
ՀասարակությունԵրեկ՝ օգոստոսի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Թաթուլ Շուշանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննիչը միջնորդություն է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ «Սամբիստ Վահրամ» մականվամբ 46-ամյա Վահրամ Ալթունյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանի նախագահ Մուշեղ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով ու խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և «Սամբիստ Վահրամը» դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի կողմից ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով քննիչ Մուրադյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ հուլիսի 30-ին Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 46-ամյա Վահրամ Ալթունյանի կողմից AKM տիպի ինքնաձիգից արձակված կրակոցների արդյունքում նյութական վնաս էր կրել Վանաձոր քաղաքի մի բնակչուհի: Ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները՝ ոստիկանության Լուռու մարզային վարչության պետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ կրակոցների հետևանքով վնասվել է Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի 1-ին շենքի բնակիչ՝ 61-ամյա Բելլա Ադամյանի բնակարանի ննջասենյակի ապակին և սենյակում տեղադրված Sanyo տեսակի հեռուստացույցը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Ալթունյանը, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ, քթի շրջանում վնասվածք էր ստացել, ինչի առիթով էլ քննչական մարմնում հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է Սայաթ-Նովա զբոսայգու մոտ, մինչև իր կողմից կրակոցներ արձակելը, իրեն անհայտ անձի կողմից հարվածելու հետևանքով, և մինչ այդ վիճաբանություն էր տեղի ունեցել իրար միջև: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանությանն ու քննչական մարմնին «Սամբիստ Վահրամը» հայտնել էր նաև, թե ում միջոցով է տարիներ առաջ հանցագործության գործիք հանդիսացող ավտոմատը ձեռք բերել: