Սերժ Սարգսյանի փեսան դուրս մնաց
Ամենաընթերցված«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Մինչ Սերժ Սարգսյանը խոսում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի մասին, նրա փեսային՝ Միքայել Մինասյանին փաստացի պատկանող «Սպայկա» ընկերությունը «դուրս է մնացել» առաջին խոշոր հարյուր հարկատուների ցանկից: Եւ սա այն դեպքում, երբ «Սպայկան» զբաղվում է բեռնափոխադրմամբ, թարմ մրգերի արտահանմամբ, ինչպես նաեւ գյուղապրանքների պահածոյացմամբ, իսկ այս տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, ավելացել են գյուղմթերքների արտահանման ծավալները (հետեւաբար նաեւ այդ ընկերության շահույթը): «Ժողովուրդ»-ին պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ «Սպայկան» այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ 220 մլն դրամ պակաս հարկ է վճարել ու հիմա հարկատուների մեջ զբաղեցնում է հազիվ 172-րդ տեղը: Իսկ թե ինչու է այսպես ստացվել, դժվար չէ ենթադրել. չէ՞ որ նույն «Սպայկայի» համար ամենատարբեր արտոնություններն են սահմանվում. մե՛կ կառավարության որոշմամբ անվճար հողատարածք են տրամադրում, մե՛կ փոխհատուցումներ անում, հիմա էլ թույլ են տալիս պակաս հարկ վճարել: Ինչպես ասում են՝ աշխարհը խալի է ոտիդ տակ»: