Քննչական կոմիտեն «աչք է դրել» ոստիկանության շենքի վրա
ՔաղաքականությունՀրապարակ / Քննչական կոմիտեն Կառավարության հաջորդ նիստին հանդես է գալու առաջարկով, որպեսզի ոստիկանության կողմից չօգտագործվող տարածքը տրամադրվի իրենց։ Առաջարկի մեջ մասնավորապես ասվում է․ «Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2014 թվականից՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ստեղծումից հետո, առ այսօր Կոմիտեի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժինը տեղակայված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Մալաթիայի բաժնի վարչական շենքում: Քննչական ստորաբաժանումը ներկայումս օգտագործում է շենքի որոշակի տարածքը, որը սակայն ամրացված չէ Կոմիտեի դեպարտամենտին»:
Նրանք ցանկանում են, որպեսզի ամբողջ Քննչական կոմիտեն տեղակայվի մեկ շենքում. «Ներկայումս առանձին քննիչներ իրենց գործունեությունը ծավալում են մի վարչական շենքում, իսկ օրինակ՝ բաժնի պետը և ևս մի քանի քննիչներ՝ մեկ այլ վարչական շենքում: Նախագիծն ընդունվելու դեպքում հնարավոր կլինի նաև քննչական բաժնի մուտքն առանձնացնել, ինչը, ըստ նրանց, շահավետ է թե´ ոստիկանության, և թե´ քննչական կոմիտեի աշխատանքների կազմակերպման համար»: