Ախորժակը նորից բացվել է
Քաղաքականությունshame.am-ը գրում է․
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, որի խելքը գնալ-գալովի է, իր ծրագրերն էլ՝ խելքի պես փոփոխական, նորից ոգևորվել է: Հավանաբար ինքն էլ արդեն հաշիվը կորցրել է, թե վերջին մեկ-երկու տարում քանի անգամ այդպես կրակվեց ու հանգավ, բայց հիմա վերստին ասում են, թե նա այս նախընտրական փուլում ակտիվ քաղաքական գործունեության հայտ է ներկայացնելու: Ամեն դեպքում, Աբրահամյանի հոգեզավակ «Ազգային միասնություն» հասարակական շարժումը, որն արդեն մարզերում ունի բացված գրասենյակներ, սկսել է լուրջ աշխատանքներ ծավալել։
Թե ինչու Աբրահամյանը կրկին հոգեդարձ ապրեց, այս օրերին այնքան էլ դժվար չէ գուշակել: Տեղեկանալով այն մասին, որ Հայաստանը նոր վարչապետ է ունենալու և դա լինելու է Ռուսաստանից Երևան տեղափոխված Կարեն Կարապետյանը, Արա Աբրահամյանը հիմա էլ ինքն իրեն ներշնչել է, որ եթե Կարապետյանի բախտն այդ չափով բերեց, ապա ինքը ինչո՞վ է պակաս նրանից, առավել ևս, որ երկուսն էլ գրեթե նույն միջավայրից են դուրս եկել և ընդհանուր կապերի շրջանակ ունեն:
Ի դեպ, հենց հիմա Արա Աբրահամյանն արդեն Երևանում է և, համաձայն շրջանառվող լուրերի, փակ հանդիպում է ունենալու որոշ լրատվամիջոցների ղեկավարների հետ՝ իր քաղաքական ծրագրերի շուրջ որոշակի փակագծեր բացելու նպատակով: ՌՀՄ ղեկավարը դեռ շարունակում է հավատալ այն հեքիաթին, թե ինքը կարող է այս երկրում որևէ հաջողության հասնել միայն էժանագին քարոզչության միջոցով: