41 աստիճան շոգից հետո՝ փոթորիկ ու կարկուտ
ԱշխարհՀունաստանի EMY օդերեւութաբանական ծառայությունը թողարկել է եղանակի արտակարգ կանխատեսում, որի համաձայն երկրում 40 աստիճանի տապից անմիջապես հետո սպասվում են ամպրոպներ, անձրեւներ եւ կարկուտ։
«Եղանակը գժվել է. 41 աստիճան շոգից հետո գալիս են փոթորիկն ու կարկուտը»,- գրում է հունական «Պրոտո տեմա» թերթը: «Տապից անձրեւ»,- նկարագրում է cretedoc.gr հրատարակությունը եղանակի կտրուկ փոփոխությունը:
Շաբաթվա սկզբից Հունաստանի գրեթե ամբողջ տարածքումէ շոգ եղանակ՝ պլյուս 40 -42 աստիճան ստվերում, Աթենքում՝ 37 – 38 աստիճան: Ջերմաչափերի սյուները «կարմի գոտում» կգտնվեն մինչեւ օգոստոսի 12-ը, իսկ հետո մի շարք շրջաններում դրանց փոխարինելու կգան անձրեւները, փոթորիկները, կարկուտը եւ ուժեղ քամիները: Օգոստոսի 13-ից ջերմաստիճանի ընդհանուր նվազում է սպասվում նաեւ երկրի շրջանների մեծ մասում, սակայն միեւնույն է տարվա այս ժամանակ այն բարձր կլինի միջինից:
Այժմ Սահարայից շիկացած օդի զանգվածներ է Եվրոպա բերել աֆրիկյան անտիցիկլոնը, որն իտալացի օդերեւութաբաններն անվանել են « Լյուցիֆեր»: Անոմալ շոգ է հաստատվել Եվրոպայի հարավում, մասնավորապես, ամբողջ Իտալիայում: Իտալացի կլիմայագետները նշում են, որ ներկայիս ամառն ամենաշոգերից մեկն է Ապենիններում կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ 200-ամյա պատմության ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: