Ինչ է պատրաստել ԱՄՆ-ը ղարաբաղյան ուղղությամբ
ՔաղաքականությունԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ազդարարել է, որ առաջիկայում կլինեն քայլեր՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության գոտում բախումների հավանականության նվազեցմանը: Հոգլանդը հայտարարել է, որ այդ ուղղությամբ աշխատում են նաև Ռուսաստանի հետ և հույս ունեն առաջընթաց արձանագրել Նյու Յորքում սեպտեմբերին կայանալիք Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը: Այդ հանդիպումը կարող է լինել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման նախապատրաստական փուլ:
Ամերիկացի համանախագահ Հոգլանդը փաստորեն ամրագրում է, թե ինչն է առաջիկա շրջափուլում կարևոր լինելու Միացյալ Նահանգների համար՝ բախումների հավանականության նվազեցում: Սա ըստ էության նորություն չէ, քանի որ Նահանգները դեռևս նախորդ վարչակազմի գործունեության շրջանից է մատնանշում հրադադարի պահպանման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրման անհրաժեշտությունը: Դրան դիմադրում է Ադրբեջանը, նաև Ռուսաստանը չի ցուցաբերում ներդրման հարցում բավականաչափ ակտիվություն:
Բանն այն է, որ այդ մեխանիզմի ներդրումով Ռուսաստանն ըստ էության զրկվում է Ղարաբաղյան կոնֆլիկտի միջոցով կողմերին և նաև տարածաշրջանը կառավարելու առանցքային լծակից: Կփոխվի՞ արդյոք ինչ-որ բան ներկայիս փուլում, Հոգլանդը առաջիկայում որոշակի քայլերի մասին խոսելիս առաջնորդվում է հույսո՞վ, ակնկալիքո՞վ, թե՞ կան որոշակի կոնկրետ պայմանավորվածություններ Ռուսաստանի հետ, որ լինելու է առաջընթաց՝ բախումների հավանականությունը նվազեցնելու մեխանիզմների հարցում: