«Երիտկոմսոմոլներն ավելի ատելի են, քան Ծառուկյանն ու Լֆիկը»
ՀասարակությունՀՀ Գերագույն խորհրդի եւ առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 1996-99թ.թ. «Նաիրիտ»-ի տնօրեն Գագիկ Ներսիսյանը Hraparak.am-ի հետ զրույցում հիշում է, որ 2012թ. ԱԺ ընտրություններին Արարատի մարզում առաջադրվել էր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կողմից մեծամասնական համակարգով։ Նա ասաց, որ շատ լավ հասկանում էր, որ ինքը ընտրվելու շանս գրեթե չունի ֆինանսական խնդիրների պատճառով։
«ՀԱԿ-ում չկային ֆինանսական միջոցներ, ՀԱԿ-ի անդամները կարողացան միայն մեկ միլիոն դրամ գրավը մուծել։ Բայց խնդիր էր դրված այդ մարզում ձայների ինչ-որ քանակ ապահովելու, որպեսզի այդ յոթ հոգին կարողանան մուտք գործել պառլամենտ։ Ինչպե՞ս անցան այդ ընտրությունները։ Այդ ընտրատարածքում, որտեղ ես էի առաջադրված, մինչեւ հիմա էլ կան հարուցված դատական գործեր։ Կային բազմաթիվ խախտումներ՝ սկսած փող բաժանելուց, ավարտած մարդկանց ահաբեկելով։ Ես չէի կարողանում նույնիսկ հանդիպումներ կազմակերպել, քանի որ փող չկար։ Այսօր իշխանությունն այնքան է լկտիացել, որ ես կարծում եմ՝ առաջիկայում հազիվ թե լինեն փոփոխություններ՝ կապված ընտրությունների հետ»,- ասաց մեր զրուցակիցը։
Գագիկ Ներսիսյանից հետաքրքրվեցինք, թե հնարավոր չէ՞, որ հաջորդ խորհրդարանում բիրտ, կիսագրագետ օլիգարխներին փոխարինեն արտերկրի բուհերում ուսանած «սպիտակ օձիքավոր» երիտասարդները։ «Կան օլիգարխներ, որոնք այսօր «աչք են ծակում» իրենց վարքագծով, գրագիտության պակասով։ Նրանցից մի քանիսը գուցե չլինեն հաջորդ խորհրդարանում, բայց նրանք բերելու են իրենց «ձագերին», որոնք լինելու են նույն կոմսոմոլները, ինչպիսիք են՝ Էդուարդ Շարմազանովը, Կարեն Ավագյանը, Արմեն Աշոտյանը։ Այսինքն՝ գալու են «դառը կորիզ» ջահելներ, որոնք Սերժ Սարգսյանին համարելու են Աստված։ Նրանք կլինեն կիրթ, գրագետ եւ իրենց ողջ պաթոսով կլծվեն աշխատանքի։ Դրանից, սակայն, մեր երկիրը ոչինչ չի շահի։ Այդ երիտկոմսոմոլները շատ ավելի ատելի են ժողովրդի աչքում, քան՝ Ծառուկյան Գագիկը կամ Ալեքսանյան Սամվելը։ Նրանք գոնե աշխատատեղ են ստեղծում, այս երկուսը գոնե որպես ՀՀ քաղաքացի, ինձ համար ավելի ընդունելի են։ Այլ հարց է, թե ինչու են հենց իրենք հարստացել, որքանով են իրենք հարկատու կամ ոչ հարկատու։ Նրանք կերակրում են ընտանիքների, եւ եթե կա մարդկանց որոշակի քանակ, որը երկրից չի հեռանում, իրենց մոտ աշխատող մարդիկ են։ Նրանք նաեւ բարեգործություն են անում, օգնում կարիքավորներին։ Այդ երիտկոմսոմոլներ ընդհանրապես ոչ մի սրբություն չունեն, Սերժ Սարգսյանից բացի ոչ մի այլ հեղինակություն չեն ընդունում, հարգանք չունեն իրենցից մեծերի նկատմամբ։ Նրանցից ոչ մեկը չի կարող որեւէ քաղաքացու օգնել կամ նրան ձեռք մեկնել»,- ասաց Գագիկ Ներսիսյանը։