«ԻԼ-76»-ը երկրորդ թռիչքն է իրականացրել. հրդեհված տարածքի մակերեսն ավելին է, քան պաշտոնական թվերով
ՏնտեսությունԵրեկ Ռուսաստանից Հայաստան ժամանած «ԻԼ-76» ինքնաթիռը այսօր առավոտյան հետախուզական թռիչքից հետո սկսել է ջրալցումներ իրականացնել Խոսրովի արգելոցի հրդեհի օջախների վրա: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Առաջին ջրալցումից հետո այս պահին ՌԴ ԱԻՆ ինքնաթիռն իրականացնում է հրդեհաշիջման 2-րդ թռիչքը:
Նշենք, որ թռիչքից առաջ տարածքում գտնվող մարդկանց, բնապահպաններին ու ակտիվիստներին էվակուացրել էին և նոր սկսել ջրալցումը:
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար տարածք էին մեկնել տասնյակ ակտիվիստներ և կամավորներ:
«ԻԼ-76»-ը ջրալցումից հետո կրկին վերադառնում է «Էրեբունի» օդակայան, որտեղ ջրատարներով լիցքավորված մեքենաներից վերալիցքավորվում է և կրկին թռիչք կատարում: «ԻԼ-76»-ը այն ինքնաթիռներից չի, որը կարողանա լճերից կամ ջրամբարներից միանգամից ջուր վերցնել, որի մասին մի քանի օր է՝ խոսում են բնապահպանները և քննարկում, թե որտեղից է լիցքավորվելու ինքնաթիռը:
Նշենք նաև, որ պաշտոնական նախնական տվյալներով՝ արդեն այրվել է 250 հեկտար, սակայն բնապահպաններն ու ակտիվիստները բոլորովին այլ թվեր են հրապարակում: Նրանց գնահատականներով՝ հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 10 հազար հեկտար տարածք: