Մանրամասներ Պռոշյանում հայտնաբերված նորածնից
ՀասարակությունՕգոստոսի 12-ին Պռոշյան համայնքում ծառի տակ գտնված նորածնի գործով դեռևս քրեական գործ չի հարուցվել: Հետաքննություն է ընթանում, և դեռևս ոստիկանությունը չի պարզել, թե ով է նորածնին թողել ծառի տակ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պռոշյանի համայնքապետ Արթուր Մուրադյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բացարձակ տեղյակ չէ, թե ինչպես կարող էր դեպքը պատահել, և արդյոք երեխային լքած մայրը իր համայնքի՞ց է, թե՞ ոչ: «Ոչ մի տեղեկություն չունեմ: Պատկերացում չունեմ: Ոստիկանությունն աշխատում է և շուտով կպարզի՝ ով է եղել»,- ասաց Մուրադյանը:
Ի դեպ, համայնքապետը նաև նշեց, որ արդեն երեխային անուն-ազգանուն են տվել, հիմա ինքը զբաղված է երեխայի փաստաթղթերի ձևակերպումներով: Նորածնին, որը ոչ մի լուրջ առողջական խնդիր չունի, կտեղափոխեն մանկատուն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին Պռոշյան գյուղի Տեղերաշեն փողոցի հողամասի ծառի տակ նորածին աղջիկ երեխա էր հայտնաբերվել, ում տեղափոխել էին հիվանդանոց: Բժիշկները նրա առողջական վիճակը լավ են գնահատել: