Արամը հնարավոր է ազատ արձակվի
ՀասարակությունՍեպտեմբերի 15-ին ժամը 17:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում տեղի կունենա Արամ Մանուկյանի գրավի դիմաց կալանքի խափանման միջոցի բողոքարկման դատական նիստը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ դատարան ներկայացված բողոքը:
Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով: Նշենք, որ 219-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը՝ զուգորդված՝ դրանք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով, որը կատարվել է զավթածն ազատելու պայմանով պետությանը, կազմակերպությանը կամ քաղաքացուն որևէ գործողություն կատարելուն կամ որևէ գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ 235 հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը կազմակերպված խմբի կողմից: Ըստ մեղադրանքի` մի դեպքում նախատեսվում է 6-12, մյուս դեպքում՝ 3-8 տարվա ազատազրկում: