Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ պաշպանության նախարար նշանակվելու մասին
ՔաղաքականությունArmtimes.com-ը գրում է․
ԼՂՀ ԱԺ «Շարժում-88» խմբակցության պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը, իբր ինքն է նշանակվելու ՀՀ պաշտպանության նախարար:
Ավելին, հարցը լսելուն պես սկսեց «լավ չլսել»:
«Լավ չեմ լսում, ձեր ձայնն աղավաղված է լսվում, չգիտեմ՝ էդ ինչ եք միացրել, որ չի լսվում»,- ասաց նա, որ մինչ այդ նորմալ լսում էր, երբ ներկայանում էինք:
Երբ փորձեցինք նորից կապ հաստատել Բալասանյանի հետ, նա այլեւս զանգերին չպատասխանեց: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնանկության եւ այդ պաշտոնում Վիտալի Բալասանյանի նշանակվելու մասին «Հայկական ժամանակ» օրաթերթը դեռ օրեր առաջ էր տեղեկություն հրապարակել:
Երեկ երեկոյան ռուսական Ինտերֆաքս լրատվական գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար՝ այդ պաշտոնում փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային:
Armtimes.com-ի հետ զրույցում Սեյրան Օհանյանի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չէր հերքել Օհանյանի նշանակումը: Նկատենք, որ Վիտալի Բալասանյանը «Սասնա ծռեր» խմբի եւ ԱԱԾ-ի միջեւ բանակցությունների միջնորդն էր, եւ խոստացել էր խմբի` զենքը հանձնելու դեպքում Սերժ Սարգսյան-Ժիրայր Սեֆիլյան հանդիպումը նախաձեռնել, սակայն այդպես էլ չկատարեց խոստումը: