«Նախագահն այդքան լծակ չուներ, որ Կարապետյանին կանչեր»
ՔաղաքականությունԿարեն Կարապետյանի նշանակումը բացառիկ երևույթ չէ, և Ռուսաստանն առաջին անգամը չէ, որ իր կողմից վերահսկվող երկրներում պաշտոնյաներ է նշանակում, այս մասին «Առաջին լրատվականի» եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:
«Հայաստանում հասարակությունը չունի այն ուժը, որպեսզի կարողանա իշխանություն ձևավորել, հետևաբար, եթե դու չես ձևավորում քո իշխանությունը, ապա քո իշխանությունը ձևավորում են դրսից: Ոչ մեկը չի կարող մեր քաղաքացիներին համոզել, որ գործող նախագահը գնաց, Կարեն Կարապետյանին համոզեց, որ գա այստեղ վարչապետ աշխատի: Կարեն Կարապետյանը Ռուսաստանում բավական մեծ աշխատավարձ է ստանում, որոշ լուրերի համաձայն` այնտեղ իր բիզնեսն ունի, և այդ լավ պայմանները փոխարինում է Հայաստանի վարչապետի պաշտոնով, այն էլ այն դեպքում, երբ քաղաքապետ էր ու դեմ առնելով մի շարք խնդիրների` թողեց, գնաց: Այնպես որ, եթե նա այսօր եկել է, ուրեմն էլ ավելի ուժեղ ուժ է նրան կարգադրել, իսկ այդ ուժը հաստատ Հայաստանը չէ: Մեր նախագահն այդքան լծակ չունի, որ Կարեն Կարապետյանին կանչի ու վարչապետ նշանակի: Այդ պատճառով էլ մենք կարող ենք ասել, որ Կարեն Կարապետյանի նշանակումը կապված է Ռուսաստանի իշխանությունների ցանկության հետ»: Բադալյանի խոսքով, դեռևս մեզ համար պարզ չէ, թե Կարեն Կարապետյանը Պուտինից ինչ հրահանգներ է ստացել. «Մենք չգիտենք, թե Պուտինից ինչ մանդատ է ստացել և ինչքան ժամանակում է այդ մանդատը անելու. մենք չգիտենք` Մոսկվան միայն Կարեն Կարապետյանի նշանակումո՞վ է բավարարվելու, թե՞ այլ պաշտոնյաներ ևս գալու են: Այնպես որ պետք է սպասենք և տեսնենք, թե Կարեն Կարապետյանն ինչ փոփոխություններ է անելու»:
Աղբյուրը՝ mamul.am