Ողբերգություն Պարսից ծոցում․ առնվազն 20 զոհ կա
ԱշխարհՊարսից ծոցի ջրերում օտարերկրյա բեռնատար նավի հետ իրաքյան նավի բախման հետևանքով առնվազն 20 իրաքցի նավաստի է մահացել: Այդ մասին հայտարարել է Իրաքի տրանսպորտի նախարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իրաքյան «Ալ-Միսբար» նավն օգոստոսի 19-ին խորտակվել է Խոր Աբդալա ջրանցքում օտարերկրյա Royal Arsenal բեռնատար նավի հետ բախման հետևանքով»,- հայտարարել է նախարարությունը:
Խոր Աբդալա ջրանցքը գտնվում է Պարսից ծոցում՝ Իրաքի և Քուվեյթի միջև:
Իրաքի նավահանգիստների հարցերով վարչության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ փրկարարներին հաջողվել է փրկել 11 մարդու, այսօրվա դրությամբ ջրից դուրս է բերվել 20 նավաստու մարմին:
Գերատեսչությունը նշել է, որ խորտակված նավի երկարությունը 37 մետր է եղել: