Ո՞վ է ստացել Քալաշյանի հայտնաբերման համար հայտարարված դրամական խոշոր պարգեւը
Հասարակություն«ՀԺ» / Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Արմավիրում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում 4 անձի սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանը:
Մինչ նրան հայտնաբերելը ոստիկանությունն աննախադեպ պրակտիկա կիրառեց. Թելման Քալաշյանի մասին տեղեկություն տվողին ոստիկանությունը խոշոր դրամական պարգեւ խոստացավ: Նման պրակտիկա սովորաբար կիրառվում է ծայրահեղ դեպքում, առանձնապես վտանգավոր հանցագործներին բացահայտելու համար:
Այսօր ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից հետաքրքվեցինք, թե Թելման Քալաշյանին հայտնաբերելուց հետո խոշոր դրամական պարգեւն ի՞նչ ճակատագիր ունեցավ, այն որեւէ մեկին փոխանցվե՞ց, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին Ահարոնյանն ասաց. «Գումարն այս անգամ կմնա ոստիկանությունում»: Նրա փոխանցմամբ՝ Քալաշյանը հայտնաբերվել է ոստիկանության եւ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների ծառայողների իրականացրած համատեղ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում: Մեր հարցին՝ այսինքն՝ ոստիկանները կստանա՞ն դրամական պարգեւը, Աշոտ Ահարոնյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ոստիկանության ծառայողներն ու իրենց գործընկերներն իրենց մասնագիտական պարտականություններն են կատարել:
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանը Շամիրամի սպանդի կասկածանքով հետախուզվում էր օգոստոսի 4-ից: