«Չեն տարբերվում պահակից»․ դպրոցի տնօրենները նախազգուշացվեցին իրենց արտաքին տեսքի համար
ՀասարակությունՕգոստոսի 25-ին, կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի, Շիրակի մարզպետի եւ Շիրակի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Հանդիպման շրջանակներում քննարկվեցին մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են նոր ուսումնական տարվա մեկնարկին:
«Երեխաներին սովորել սովորացրեք, որ իմանա ինչ բան է սովորելը: Նա պետք է կարողանա աշխարհն իր համար ճիշտ բացահայտի, քննադատաբար մտածող երիտասարդ սերունդ կրթեք, որ պատասխանատու լինեն իրենց համար»,- ասաց Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը:
Բազմաբովանդակ ելույթ ունեցավ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Հրայր Կարապետյանը, ի դեպ, նա Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, ՀՀԿ-ի Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի սանիկն է:
Կարապետյանի ելույթը, կարծես թե, դիտողություն լիներ դպրոցի տնօրեններին: Նա բարձրաձայնեց վերջիններիս մի շարք թերությունների մասին:
«Խոսեմ տնօրենների առաջին հայացքից թվացող անլուրջ, բայց ինձ համար լուրջ հարցի՝ տնօրենների արտաքին տեսքի, տնօրենների խիստ աշխատանքային կարգապահության մասին: Ունենք տնօրեններ, ինձ թող ներեն, բնավ միտք չունեմ ոչ մեկին վիրավորելու, որ եթե անձամբ չճանաչես, չես տարբերի դպրոցի պահակից, բակապահից : Եւ ունենք տնօրեններ` շատ հարիր տեսքով, որոնց եւս, եթե չճանաչենք, կարող ենք ընդամենը արտաքին տեսքը նկատելով, քաշվենք, մի պահ էլ հետ պահենք մեզ շփվելուց: Հատկապես, տղամարդ տնօրեններին չեմ կարող ընդունել այն հանգամանքով, երբ ոչ սափրված, ոչ սթափ վիճակում կարող են մտնել դպրոց: Կարող են մտնել ոչ ճիշտ ժամանակին, կարող են դպրոցից բացակայել: Վերջիվերջո, ուսումնական հաստատությունն իր ամբողջ աշակերտական, մանկավարժական համակազմով պետք է օրինակ վերցնի իր գլխավորից»,- ասաց վարչության պետը:
Armtimes.com-ը Հրայր Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչ նկատի ունի ասելով, որ դպրոցի տնօրենն աշխատանքի են ժամանում ոչ սթափ, սակայն վարչության պետը հրաժարվեց մեկնաբանել՝ պատճառաբանելով, որ հեռախոսով այդ հարցը քննարկել չի ուզում:
Նիստի շրջանակներում Հրայր Կարապետյանը խոսեց նաեւ աշխատանքի ժամին աշխատանքով չզբաղվող տնօրենների մասին: Զգուշացրեց, որ աշխատանքի ժամին անտեղի չլքեն դպրոցը: