Քննչական կոմիտեն Թելման Քալաշյանի անվտանգությունն ապահովելու հարցով դիմել է Քրեակատարողական վարչությանը
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Շամիրամ գյուղում մի քանի անձանց սպանության կասկածանքով հետախուզվող Թելման Քալաշյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6- կետերով, 235 հոդվածի առաջին մասով (ապօրինի զենք ձեռք բերել, կամ փոխադրելը) եւ 34-104 հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վերջինս մեղադրանքի շուրջ ցուցմունք է տվել:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա նշեց, որ միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Թելման Քալաշյանի կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ: Բացի այդ, հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված տվյալները, գրություն է ուղարկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությանը միջոցներ ձեռնարկել ՔԿՀ-ում Թելման Քալաշյանի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մեր տեղեկություններով՝ սա պայմանավորված է նրանով, որ սգո սրահում սպանված անձանց մեջ եղել են քրեական հեղինակություններ, ուստի չի բացառվում, որ ՔԿՀ-ում փորձեն հաշվեհարդար տեսնել նրա հետ:
Նույն այդ տեղեկություններով, Շամիրամի սպանդի մեջ մեղադրվողն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքները:
Հիշեցնենք, որ Թելման Քալաշյանին հայտնաբերել են երեկ՝ Արմավիրում. նա օգոստոսի 4-ի հետախուզվում էր:
Դաժան սպանությունը տեղի էր ունեցել օգոստոսի 1-ին. Արմավիրի մարզի Արաքս համայնքի բնակիչ, ազգությամբ եզդի Թելման Քալաշյանը ինքնաձիգով զինված մտել էր Շամիրամ գյուղի գերեզմանների հարեւանությամբ գտնվող սգո սրահ եւ անկանոն կրակոցներ արձակել այնտեղ գտնվողների ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով երեք հոգի տեղում մահացել են, մեկը՝ հիվանդանոցում: Վեց մարդ էլ ստացել է տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ: