Սեյրան Օհանյանին կփոխարինի Լյովա Մնացականյա՞նը
ՔաղաքականությունԱրդեն մի քանի օր է ինչպես հայաստանյան, այնպես էլ ռուսական մամուլում լուրեր են պտտվում, որ Սեյրան Օհանյանը նշանակվելու է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար` փոխարինելով Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի հոկտեմբերի 14-ին:
Իսկ մինչ այդ բուռն քննարկումներ են ծավալվում, թե ով է լինելու Հայաստանի պաշտպանության նախարարը: Այս օրերին ՊՆախարարի պաշտոնի համար շրջանառվեց թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, թե Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի, թե Պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի անունները:
«Հրապարակ»-ի աղբյուրները, սակայն, հայտնում են, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանին փոխարինելու է ԼՂՀ Պաշտպանության նախարար Լյովա Մնացականյանը:
Լյովա Մնացականյանը ավարտել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, ապա ` ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան։
1983-1985 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։
1992-1994 թթ. մասնակցել է մարտական գործողություններին։
1992-2005 թթ. զբաղեցրել է տարբեր հրամանատարական պաշտոններ Զինված ուժերում, այդ թվում ՊԲ հրետանային բրիգադի հրամանատար։
2005 թ. նշանակվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ։
2007 թ. նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ-հրամանատարի առաջին տեղակալ։
2012 թ. հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ:
2015 թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից եւ նշանակվել ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար։ 2014 թ. սեպտեմբերի 3-ին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ամուսնացած է, ունի 3 որդի։