Կծեծե՞ն իրար
Քաղաքականությունshame.am-ը գրում է․
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի «Համախմբում» և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների միջև խորացող հակասություններն անցնում են բացահայտ առճակատման՝ թերթային կսմիթներից վերածվելով համացանցային սպառնալիքների: Նման մի առիթ էլ հանդիսացավ միջադեպը, երբ «Համախմբում» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի փոխնախագահ Նարեկ Հովհաննիսյանը սպառնաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու համամասնական ցուցակի անդամ Լուսինե Առաքելյանին: Վերջինս քննադատել էր Նարեկ Հովհաննիսյանին «Ինչքան ուզենք, էնքան կխփենք» արտահայտության համար, իսկ սա էլ իր հերթին խոստացել էր դիմել կոշտ միջոցների:
Միջադեպը պատճառ դարձավ, որ կողմերը հերթական «հաճոյախոսությունները» փոխանակեն: Նիկոլի թիմը խոստացավ հարցը լուծել դատական կարգով, իսկ օսկանյանականները լղոզեցին՝ արձագանքելով այսպես. «Դա ֆեյսբուքյան անձնական գրառում է եղել և դրան այդքան մեծ արձագանք տալ, կարծում ենք, որ կարիք չկա»:Մեծ արձագանքների անհրաժեշտություն գուցե իսկապես չզգացվեր, եթե հակամետ բևեռները ներքին մղում չունենային՝ ոչնչացնել մեկը մյուսին: Ու այդ գրգիռներն այժմ այնքան խորն են, որ կարող են բացիլների պես փոխանցվել շարքային անդամներին՝ այսօր Ֆեյսբուքում, վաղը փողոցներում ու հրապարակներում դատաստաններ կազմակերպելու ցանկությամբ: Այդ իսկ պատճառով էլ հեռանկարը, որ Օսկանյանն ու Փաշինյանը մի օր կարող են իրար ծեծել, այնքան էլ անիրատեսական չէ: