Ահազանգ․ «Նաիրիտ»-ի մերձակայքում ապրող բնակիչները թունավորված են
Հասարակություն«Նաիրիտ»-ում բռնկված հրդեհից արդեն օրեր են անցել: Առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ գործարանում այրվող քիմիական նյութն ու «Նաիրիտ»-ից բարձրացող ծուխը որևէ վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների առողջության համար: Սակայն այսօր արդեն քաղաքացիներն իրենց ֆեյսբուքյան էջերի միջոցով ահազանգում են, որ «Նաիրիտ»-ի ծխից քաղաքացիներ են թունավորվել: Ըստ նրանց` ծխից ընդամենը 2-3 օր անց «Նաիրիտ»-ին մոտ գտնվող բնակելի տարածքների բնակիչները թունավորված են: Նշաններն են՝ ջերմություն, թուլություն, ցածր զարկերակային ճնշում ու սրտխառնոց: Վերջիններս նշում են, որ շտապօգնության աշխատակիցները չափում են սրտի աշխատանքը, ճնշումը ու բոլորին նույն նշանակումն են անում՝ ռեգիդրոլ, որը նշանակում են տոքսիկունֆեկցիաների ժամանակ, որպեսզի ջրազրկում չառաջանա: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մշտական կապի մեջ են բուժհաստատությունների և շտապօգնության ծառայության հետ: «Մենք մշտական կապի մեջ ենք շտապօգնության ծառայության հետ և պետք է նշեմ, որ նման ահազանգեր չունենք, որ իրենց դիմել են քաղաքացիներ, որոնք թունավորվել են ծխից: Եթե կան քաղաքացիներ, ովքեր ունեն նման գանգատներ, կարող են դիմել իրենց պոլիկնինիկաները», – նշեց տիկին Հայթայանը: