Գյումրիում անչափահասը որպես կատակ բենզին է լցրել ընկերոջ վրա. 17-ամյա տղայի վիճակը ծանր է
Հասարակություն«ՀԺ» / Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիում. 17-ամյա ընկերների կատակը ծանր հետեւանքներ է ունեցել: 17-ամյա Վ. Մաթեւոսյանը երեկ երեկոյան՝ ժամը 21:00-ի սահմաններում, այրվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Այրվածքները 17-ամյա տղան ստացել է իր հասակակցի հետ կատակելու ժամանակ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ որպես կատակ Վ. Մաթեւոսյանի ընկերը տանը կից ավտոտնակի մոտ կատակելու ընթացքում պլաստմասե տարայով լցված բենզինը լցրել է նրա վրա, ապա ձեռքին եղած կրակայրիչը վառել է եւ ցանկացել է կատակել, այդ ընթացքում 17-ամյա Մաթեւոսյանը մոտեցել է ընկերոջը եւ փորձել ձեռքից վերցնել կրակայրիչը ինչի ժամանակ էլ բռնկվել է, եւ այրվածքներ ստացել: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
«Գյումրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեր զրույցում ասաց, որ 17-ամյա Վ. Մաթեւոսյանը դեմքի, ձեռքերի, որովայնի եւ ազդրի շրջանում ստացել է 2-րդ եւ 3-րդ կարգի այրվածքներ: «Տղայի մոտ այրվածքային շոկ է եղել, վիճակը գնահատվել է ծանր»,- ասաց Խաչատրյանը, ապա հավելեց, որ համապատասխան օգնությունից հետո 17-ամյա տղան տեղափոխվել է Երեւանի Ճառագայթային բժշկության եւ այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: