Դատավորը «բերնից թռցրեց»
ՀասարակությունԱվան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստի վերսկսումից հետո պաշտպան Արա Զաքարյանը, դիմելով դատավորին, հայտարարեց. «Դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ կարգադրիչները մեզ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ: Եթե դատախազները ներկա չլինեին, դուք կշարունակեի՞ք նիստը: Սա կողմնակալ վերաբերմունք է»:
Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել` պատճառաբանելով, որ իր գործընկերները չեն կարողացել ներկայանալ նիստին՝ խուզարկության պատճառով:
Միջնորդությանը միացան նաեւ գործով մյուս փաստաբանները ու նշեցին, որ համակարծիք են Արա Զաքարյանի հետ:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ ընթերցեց Կարո Եղնուկյանի ներկայացրած միջնորդությունը, ըստ որի՝ նա ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի, մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին, սակայն պատահաբար դատավորը Կարո Եղնուկյանին քաղբանտարկյալ անվանեց՝ ասելով, որ այս պահին ընթերցում է քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանի միջնորդությունը: