Վիրուսի դեմ պատվաստվելու են նաև 13 տարեկան դեռահաս աղջիկները
ՀասարակությունԱյս տարվա աշնանից Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու են նաև 13 տարեկանից սկսած դեռահաս աղջիկները: Ըստ առոջապահության նախարարության՝ սա արգանդի վզիկի քաղցկեղը կանխարգելելու նպատակ ունի: Պատվաստումն իրականացվելու է «Գարդասիլ» պատվաստանյութով:
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ Հայաստանում չարորակ ուռուցքները հիմնականում հայտնաբերվում են երրորդ-չորրորդ փուլում, բուժման համար ծախսվում են մեծ գումարներ: Իսկ հիվանդը դրանից հետո ապրում է 2-5 տարի:
“Այս դեպքում մենք կունենանք հիվանդություններից խուսափելու հնարավորություն ավելի լավ էֆեկտով: Դա համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից առաջարկված ոսկե ստանդարտն է”, ասաց նախարարը:
Նշենք, որ այս պատվաստանյութի մասով որոշակի մտահոգություններ կան, տեսակետներ կան, որ այն բերում է անպտղության, եթե վաղ տարիքում պատվաստում է արվում: Նախարարը հավատացրեց, որ որևէ վտանգ չկա: Նրա խոսքով՝ մինչ որոշման ընդունումը մասնագետները խորհրդակցել են, աշխարհի փորձն են հաշվի առել: