Խոշոր հրդեհ Շիրակում. այրվել է 50 հա տարածք, փրկարարը վերակենդանացման բաժանմունքում է
Հասարակություն«ՀԺ» / Այսօր`սեպտեմբերի 7-ին, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի տարածքում հրդեհ է բռնկվել: Այրվել է 50 հեկտար խոտածածկ տարածք: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը: Վերջինին փոխանցմամբ՝ այսօր՝ ժամը 11:30-ի սահմաններում, կրակ է բռնկվել Ջաջուռ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելն այրվել է 8 հեկտար տարածք:
Դեպքի վայր են մեկնել Գյումրու հրշեջ-փրկարարները` 3 մարտական հաշվարկով, թվով 40 հրշեջ-փրկարարներով: Ինչպես Արթուր Կարապետյանը տեղեկացրեց՝ նրանց օգնել են նաեւ մեծ թվով քաղաքացիներ, նրանց ընդհանուր թիվը հասել է 180 հոգու: Հրդեհը մարվել է 15:40 րոպեին, այդ ժամանակահատվածում այրվել է մոտ 50 հեկտար խոտածածկ տարածք, թեեւ հնարավոր է եղել կանխել Ջաջուռի անտառներին մոտեցող խոշոր հրդեհի տարածումը։
Հրդեհի մարման աշխատանքների ժամանակ վնասվել է փրկարարներից մեկը: 1962 թվականին ծնված Գրիգոր Ո.-ն շտապբուժօգնության մեքենայով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ տուժածի մոտ ախտորոշվել է զույգ դաստակի, գլխի թերմիկ այրվածքներ` 3-րդ աստիճանի: Փրկարարը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նա Ախուրյան գյուղի բնակիչ է: