Հայ մարդու մտավոր ներուժն ու ճկունությունն արժանի գնահատանքի է արժանանում Հայաստանի սահմաններից դուրս։ Պատահական չէ, որ ազգությամբ հայ քաղաքական գործիչները կարողացել են դառնալ օտար երկրների նախագահներ։ Sputnik Արմենիա-ն ներկայացրել է այլ պետությունների` ազգությամբ հայ նախագահների թոփ հնգյակը։

Քամիլ Շամուն

Քամիլ Շամունը 6 տարի ղեկավարել է Լիբանանը (1952-1958թթ.):

Շամունը ծնվել է 1900 թվականի ապրիլի 3–ին, Դել էլ Քամար քաղաքում հայ–մարոնիթական ընտանիքում։

1934 թվականին առաջին անգամ Շամունն ընտրվել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, պայքարել Լիբանանի անկախության համար։ Հետո հայտնվել է բանտում. զանգվածային ցույցերի շնորհիվ նոյեմբերի 22–ին բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել, այդ օրը Լիբանանում նշվում է որպես անկախության օր։

Մինչև 1951 թվականը Քամիլ Շամունը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայում Լիբանանի դեսպանի պաշտոնը, իսկ 1952 թվականին ընտրվել է Լիբանանի նախագահ։ Քրիստոնյա նախագահի առկայությունը ձեռնտու չէր Լիբանանի իսլամիստներին։ Նրանք 1958 թվականին Շամունին պաշտոնանկ անելու փորձ են արել։ Դիվանագիտական բանակցությունների շնորհիվ հարցը խաղաղ լուծում է ունեցել, և Շամունը լքել է պաշտոնն առաջին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։

Ամին Ալ–Հաֆեզ

Ամին Ալ–Հաֆեզ (աջից առաջինը):

Ամին Ալ–Հաֆեզը եղել է Սիրայի նախագահը (1963-1966 թթ.) ։ Նա ծնվել է 1921 թվականին, Հալեպում։ Լինելով քրիստոնյա և տանելով համապատասխան քաղաքականություն` նա արժանացել է սիրիական ազգայնամոլների ատելությանը։ Ուստի, 1966 թվականին Ամին Ալ–Հաֆեզը ստիպված է եղել լքել երկիրը։ Ալավիտների` իշխանության գալուց հետո նա կարողացել է վերադառնալ Սիրիա։

Կառլոս Մենեմ

1989–1999 թթ. Արգենտինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է ազգությամբ հայ Կառլոս Մենեմը։ Ապագա նախագահը ծնվել է 1930 թվականին հայոց ցեղասպանությունը վերապրած ընտանիքում։ Նրանք Սիրիայից գաղթել են Արգենտինա։ Մենեմի հայրը քրիստոնյա էր, մայրը` ալավիտ։ Նա դաստիարակվել է մահմեդական ավանդույթներով, բայց մկրտվել է կաթոլիկ եկեղեցում։

Մենեմն ակտիվ քաղաքականություն է մտել 1958 թվականին։ Իսկ 1989 թվականին ընտրվել է Արգենտինայի նախագահ։

Կառլոս Մենեմն Արգենտինայի միակ նախագահն է, որ պաշտոնավարել է երկու անգամ անընդմեջ։ Տնտեսության մեջ հաջողություններ արձանագրելու համար Կառլոս Մենեմին անվանել են «հրաշագործ»։

Էլիաս Սարգիս

Էլիաս Սարգիսը եղել է Լիբանանի նախագահը և պաշտոնավարել 6 տարի (1976-1982 թթ.): Էլիասի հայրը զտարյուն հայ էր, մայրը` ղպտի քրիստոնյա։ Էլիաս Սարկիսը Լիբանանի նախագահ է դարձել երկրի քաղաքացիական պատերազմի ամենաթեժ պահին։

Սարգիսը սերտ կապեր է ունեցել Դաշնակցության անդամների հետ, եղել հայտնի դաշնակցական գործիչ Հակոբ Բագրատունու ընկերը:

Ի դեպ, մինչ նախագահելը նա եղել է Բեյրութի քաղաքապետը։

Էմիլ Ջամիլ Լահուդ

Էմիլ Ջամիլ Լահուդ (ձախ կողմում):

Էմիլ Ջամիլ Լահուդը Լիբանանը ղեկավարել է 1998 թվականից մինչև 2007 թվականը։ Նա ծնվել է Բահաբդաթ լիբանանյան քաղաքում, հայ–մարոնիթական ընտանիքում։ Հայրը լիբանանյան գեներալ էր, մայրը` Ադրինե Բաջակյանը հայ է եղել։ Էմիլի դաստիարակության հարցում մեծ դեր է խաղացել պապը` Մինասը։ Ու չնայած հայրը մարոնիթ էր, Լահուդը դաստիարակվել է հայկական սովորույթներով։

Էմիլը ստացել է ռազմածովային կրթություն, հետագայում դարձել է Լիբանանի ռազմական ուժերի գլխավոր հրամանատար։ 1998 թվականին 62–ամյա Լահուդն ընտրվել է Լիբանանի նախագահ։

Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին Լահուդն ակտիվորեն օժանդակել է հայկական համայնքին։ Հենց նա է կազմակերպել մահմեդական գրոհներից հայկական բնակչության պաշտպանությունը։ Գեներալի ջանքերի շնորհիվ, 1997 թվականին Լիբանանի Ազգային ժողովն ընդունել է բանաձև ապրիլի 24–ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մասին։