Երևանում մեկնարկեց «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը
ՍպորտՍեպտեմբերի 11-ին Երևանում մեկնարկեց «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը, որն իր շուրջն էր համախմբել հենաշարժողական խնդիրներ ունեցող 15-18 տարեկան պատանիների։
Ծրագիրը կյանքի է կոչել «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ն (JKA Armenia)՝ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի իրականացան համար նախատեսված 15 օրերի ընթացքում պատանիները կապրեն մի հարկի տակ, կծանոթանան արևելյան մարտարվեստների հիմունքներին, կտիրապետեն ինքնապաշտպանական հնարքների, կմասնակցեն հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներին։ Նրանց համար պարբերաբար կկազմակերպվեն հանդիպումներ սիրված և ճանաչված հյուրերի հետ։
Ծրագրի հանդիսավոր փակումը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, որի ժամանակ հենաշարժողական խնդիրներ ունեցող մասնակիցները կներկայանան արևելյան մարտարվեստների ցուցադրական ելույթներով, ինչպես նաև ինքնապաշտպանական հնարքներով։
Հիշեցնենք, որ «Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ն /JKA Armenia/ մինչ այս նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել է «Դու կարող ես պաշտպանել ինքդ քեզ» և «Ակտիվ կյանք ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար» ծրագրերը, որոնք իրենց տեսակի մեջ եզակի էին Հայաստանում։
Ինչպես նշեցին «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագրի կազմակերպիչները՝ նախագիծը խոստանում է լինել հագեցած, հետաքրքիր և ուսուցողական։
Մեզ մնում է միայն բարի երթ մաղթել ծրագրին և հետևել հենաշարժողական խնդիրներ ունեցող պատանիների ձեռքբերումներին։