«Ես հասարակաց տներից հեռու եմ, եկեղեցի եմ գնում»․ Վարդան Ղուկասյան
ՀասարակությունՆախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել եւ տեղեկացրել, որ եկեղեցաշինությանը հատկացվող փողերը կարելի է ծախսել պետականաշինության մեջ: Նրա կարծիքը, սակայն չի կիսում իրեն աստվածավախ համարող եւ եկեղեցասեր, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը: Armtimes.com-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց.
«Ես համամիտ չեմ Բագրատյանի հայտարարության հետ: Ինչ ասել է, ինքը գիտի, բայց ես դրան կողմնակից չեմ: Ես երբեք չեմ մտածում նման բաների մասին»:
Մեր այն հարցին, թե ինչ նպատակ կա այդքան եկեղեցի կառուցելու մեջ, Ղուկասյանը մեկնաբանեց, որ հայ ազգը շատ մեղքեր է գործում, եւ դրանք քավելու համար շատ եկեղեցիներ են անհրաժեշտ:
«Դուք ուզում եք, որ ես մի բան ասեմ ու իրա հետ կռվե՞մ, չեմ ասելու: Ինչքան եկեղեցիներ լինի այնքան լավ, մարդիկ այդքան աղոթքի տեղ կունենան, եւ դա կլինի իրենց գործած մեղքերի փրկության վայրը: Ինչ հասարակաց տներ շատ լինե՞ն, ռեստորաններ շատ լինե՞ն, թե՞ եկեղեցիներ, որ փրկվենք, մեզ փրկության տեղ է պետք: Ես հասարակաց տներից հեռու մարդ եմ, եկեղեցի եմ գնում»,- եզրափակեց Ղուկասյանը: