Գյումրիում դեպքերն աննախադեպ զարգացում են ունենում
Քաղաքականությունhraparak.am-ը գրում է․
Գյումրիում նախընտրական թեժ քարոզարշավի շրջանին քաղաքական ուժերը խառնաշփոթի մեջ են: Մեկ Հանրապետականներն են խառնվել իրար` մեջտեղ բերելով նախկին անհամաձայնությունները` կապված Սամվել Բալասանյանին սատարելու որոշման հետ, մեկ էլ` խոսակցություններ են պտտվում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի քաղաքականություն վերադառնալու, նոր խաղի մեջ մտնելու մասին: Ինչպես անդրադարձել էինք, 2016թ ՏԻՄ ընտրություններին սպասվում էր, որ նախկին քաղաքապետը թեպետ ստվերում, այնուամենայնիվ իր դերակատարումն ունենալու է` սատարելով «Հայկական վերածնունդ» -ին, քանի որ նրա փեսան` Ավետիս Առաքելյանը, ընդգրկված է այս կուսակցության ցուցակում: Վարդան Ղուկասյանի` «Հայկական վերածնունդ» -ին կամ նախկին ՕԵԿ-ին համակրելու փաստը ինչ-որ առումով թերևս պատճառաբանված է: Հիշենք 2012թ-ի ընտրությունները, երբ ՕԵԿ-ն էլ իր հերթին էր սատարում Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելիս:
Սակայն այժմ իրադարձությունները կարծես այլ հունով են զարգանում: Մեր տեղեկություններով` Ղուկասյանի տղաները նիստ ու կացի մեջ են «Համախմբում» կուսակցության անդամների հետ: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ղուկասյանը մտափոխվել է եւ պատրաստվում է ընտրություններին իր լուրջ աջակցությունը ցուցաբերել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի կուսակցությանը: «Համախմբում» կուսակցության գրասենյակից զարմանք արտահայտեցին` ասելով, որ կուսակցությունն աշխատում է բաց, իսկ սատարելու հետ կապված` պատրաստ են համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր կկիսեն իրենց գաղափարները: Իսկ թե որքանով է իրական նախկին քաղաքապետի քաղաքականություն վերադարձը, այն էլ ընդդիմադիր դաշտի կողմից, մեզ պարզել չհաջողվեց, Վարդան Ղուկասյանը կտրականապես հրաժարվեց խոսել այդ թեմայով: