Հնչած կրակոցներն ազդարարեցին ընտրությունների ստարտը
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է․
Էջմիածին քաղաքում նախընտրական «կրքերը» արդեն տեղափոխվեցին այլ դաշտ, երեկ հնչած կրակոցներն ազդարարեցին ընտրությունների «սթարթը»։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը երեկ Երևանից վերադառնալիս է եղել, վերջինս մասնակցում էր Պետրոս Ղազարյանի հաղորդմանը։
Hraparak.am-ի աղբյուրները հայտնում են, որ Կարեն Գրիգորյանը գտնվել է եղբոր՝ Արման Գրիգորյանի մեքենայի մեջ, երբ մեկ այլ մեքենա (որոշ տեղեկությունների համաձայն` այն պատկանում է նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդուն՝ Ստեփան Աբգարյանին, ով ևս գտնվել է մեքենայի մեջ) երթևեկության հակառակ ուղղությամբ կտրել է ճանապարհը, ուղևորները բացել են ապակիներն ու կրակոցներ արձակել։ Շրջանառվող լուրերի համաձայն Ստեփան Աբգարյանի հետ մեկտեղ մեքենայի մեջ է գտնվել նաև քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը։ Մեզ հայտնեցին, որ կրակահերթից հետո կողմերի միջև ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ էլ վնասվածքներ են ստացել Արթուր Թումանյանն ու Ստեփան Աբգարյանը։ Ոստիկանությունից Hraparak.am-ին հայտնեցին, որ գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Արյդոք քրեական գործ հարուցվե՞լ է, թե ոչ, և ո՞ր հոդվածով, դեռ հայտնի չէ։ Քննչական կոմիտեում մեր զանգերն անպատասխան մնացին։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածին քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, պայքարելու են ներկայիս քաղաքապետ, ՀՀԿ-ական թեկնածու Կարեն Գրիգրյանն ու Արթուր Թումանյանը, ով այս պահին գտնվում է հիվանդանոցում։