«Չեմ վախենում մեծանալուց». Շպռոտը նշել է 38-ամյակը
LifeԵրգչուհի Շպռոտն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։ Նա բոլորել է 38 տարին։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգչուհին Tert.am Life–ին պատմեց, որ տարեդարձը նշել է ամենահարազատ մարդկանց հետ։
Շպռոտը մտերմիկ երեկույթ է կազմակերպել իր տանը։ «Տանն ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Ես ավելի հանգիստ միջավայր եմ սիրում, ակտիվ վիճակը դուրս չի գալիս։ Հրավիրել էի ինձ ամենամոտ մարդկանց՝ մոտ 25 հոգի»,– ասաց նա ու հավելեց, որ հայտնիներից հյուրընկալել էր Արմինկային, Նորոյին, Էռնեստին, Հրանտոյին, Ազատ Հակոբյանին, Գագիկ Բադալյանին և այլոց։
Երգչուհին նշեց, որ շատ է սիրում տարեդարձի օրը. «Միշտ սիրել եմ ծննդյանս օրը։ Ամենատպավորիչ ծնունդս ունեցել եմ 2 տարի առաջ, երբ ԱՄՆ-ում ընկերներս անակնկալ մատուցեցին ինձ և շատ գեղեցիկ ձևով նշեցին ծնունդս»։
Տորթի մոմերը փչելիս Շպռոտը նվիրական երազանք է պահել, սակայն այն գաղտնի է պահում, որ իրականանա։ Երգչուհին քանիցս նշել է, որ շատ է ուզում մայր դառնալ։ Այս անգամ մայրանալու մասի՞ն է երազանք պահել, թե՞ ոչ, չի բացահայտում։
Ինչ վերաբերում է տարիքին` Շպռոտը նշեց, որ թվերն իր համար նշանակություն չունեն։ «Չեմ վախենում մեծանալուց։ Ինձ համար դա բնական պրոցես է»,– ասաց նա։
Իր կյանքի 38 տարիների ընթացքում կարևորագույն ձեռքբերումը Շպռոտը համարում է ավելի իմաստուն դառնալը։