Վարչապետը հանձնարարել է սահմանել անտառահատումների թույլատրելի շեմ
ՏնտեսությունՎարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են օրեր առաջ Տավուշի մարզի Հաղարծին գյուղում ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ անտառային ոլորտի բարեփոխումների ընթացքը:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը վարչապետ Կարապետյանին զեկուցել է բնակիչների մտահոգությունների մասին եւ խնդրի լուծման առաջարկություններ ներկայացրել: Կարեն Կարապետյանը հանձնարարել է պատասխանատուներին համալիր վերլուծություն ներկայացնել անտառհատումների ծավալի (ապօրինի եւ օրինական), անտառպահպանության եւ անտառտնտեսությունների գործունեության վերաբերյալ՝ առաջարկելով սահմանել անտառհատումների որոշակի շեմ եւ խիստ պատիժ նախատեսել այն խախտողների նկատմամբ:
Կառավարության ղեկավարին է ներկայացվել նաեւ անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգի լրամշակված տարբերակը: Զեկուցվել է անտառների պահպանության, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի, հսկողության եւ մոնիթորինգի, անտառային տնտեսության զարգացման եւ պատասխանատու կառույցների օպտիմալացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների մասին:
Մասնավորապես, անդրադարձ է եղել «Հայանտառ» ՊՈԱԿ-ում կառուցվածքային եւ գործառութային բարեփոխումներին, որոնք կնպաստեն այդ կառույցի աշխատանքի արդյունավետության եւ հասցեականության բարձրացմանը: Ընդհանուր առմամբ հավանության արժանացնելով առաջարկվող փոփոխությունները՝ վարչապետը հանձնարարել է հայեցակարգի նախագիծը քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ: