Արթուր Բաղդասարյանը հրաժարվել է պաշտոնից
Սպորտ«Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հրաժարվել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից: Ինչպես գրված է ֆեդերացիայի ֆեյսբուքի պաշտոնական էջում, նա որոշման մասին հայտարարել է այսօր՝ սեպտեմբերի 21-ին՝ հերթական ընտրական կոնֆերանսի ժամանակ: Բաղդասարյանը ներկայացրել է 4 տարիների իր նախագահության ընթացքում կատարած աշխատանքը եւ հայտարարել, որ ծանրաբեռնվածության պատճառով չի կարող շարունակել ղեկավարել կառույցը: Նա ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել 2013 թ.:
Կոնֆերանսի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Երեւանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Մինչեւ այս նա Արթուր Բաղդասարյանի տեղակալն էր:
Կոնֆերանսին մասնակցել են ՀՎՖ 35 անդամ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար՝ Վահե Էլոյանը, Ազգային օլիմպիական կոմիտեի վարչության պետ՝ Գագիկ Բոլշիկյանը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի ավագ մասնագետ՝ Սամվել Հարությունյանը։