Հայաստանում սովորաբար այսպես է. չգողացող նախարարը ստանում է աշխատավարձ եւ պլյուս ծրար, որը միջին հաշվով երեք անգամ այդ աշխատավարձը գերազանցում է
Քաղաքականություն«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․
Այսօր հնչում են բազմաթիվ հավանական եւ անհավանական ենթադրություններ, թե ով պետք է լինի նոր կառավարության կազմում: Հիշատակվում են տասնյակ անուններ, որոնց մի մասը հավանաբար թելադրվում է հենց այդ անունների տերերի կողմից: Բայց լրատվամիջոցների ենթադրությունները կարող են նաեւ սխալ լինել՝ նույնիսկ «Ինտերֆաքսն» է սխալվել՝ Սեյրան Օհանյանին ուղարկելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին: Ես, իհարկե, չեմ պատրաստվում սուրճի բաժակ նայել: Փոխարենը կասեմ իմ ցանկությունը. ես ուզում եմ, որ նոր կառավարությունում լինեն… լայն հասարակությանը անհայտ մարդիկ, ուզում եմ, որ նրանք լինեն երիտասարդ, Արեւմուտքում կրթություն ստացած, անկաշկանդ, ստեղծագործ: Իհարկե՝ նաեւ մեր պետությանը նվիրված: Նման մարդիկ, չնայած իրենց երիտասարդ տարիքին, կայացած են իրենց ոլորտներում եւ, հետեւաբար, ստանում են բարձր (ու ամենակարեւորը՝ «սպիտակ») աշխատավարձ: Ի՞նչը պիտի նրանց ստիպի թողնել այդ աշխատանքը, եթե նրանք չեն պատրաստվում գողանալ, կաշառք վերցնել կամ «փայ մտնել» բիզնեսների մեջ: Բնականաբար՝ համանման աշխատավարձը: Եվ այստեղ մի էական խնդիր է առաջանում. ո՞վ պետք է այդ աշխատավարձը նրանց տա: Հայաստանում սովորաբար այդ հարցը լուծվում է հետեւյալ կերպ. բիզնես չունեցող եւ չգողացող նախարարը (թեեւ հազվադեպ, բայց նման բան պատահում է) ստանում է անվանական պետական աշխատավարձ եւ գումարած ծրար, որը միջին հաշվով երեք անգամ այդ աշխատավարձը գերազանցում է: Ինչո՞վ է դա վատ. տվյալ նախարարը թեեւ չի գողանում, բայց, միեւնույն է, իրեն կախված է զգում «սեւ դրամարկղից» եւ նրանցից, ովքեր այդ «սեւ փողը» բաժանում են: Չեմ կարծում, որ այդ դեպքում նա կարող է լիարժեք կատարել իր պարտականությունները: Լուծումը պարզ է. բարձրացնել նախարարների եւ այլ պաշտոնյաների աշխատավարձը, որպեսզի նրանք կախված լինեն բացառապես պետական բյուջեից: Հասկանում եմ, թե ընդդիմադիրները եւ պոպուլիստները ինչ աղմուկ են բարձրացնելու, եթե նման քայլ կատարվի: Սակայն պարկեշտ մարդկանց եւ լավ մասնագետներին ներգրավելու այլ ճանապարհ չկա: Որո՞նք են աշխատավարձ բարձրացնելու ռեսուրսները: Ինձ թվում է՝ դա էլ է պարզ: Նախարարությունների եւ այլ գերատեսչությունների թվի կտրուկ կրճատումը: Շվեյցարիայում, օրինակ, կա յոթ նախարարություն, եւ այդ երկիրը կարծես թե չի տառապում անարդյունավետ կառավարումից: Մեզ պետք չէ, օրինակ, Սփյուռքի նախարարություն: Դա պարզապես տարբեր տեսակի միջոցառումներ անցկացնելու մի գործիք է: Որեւէ անհրաժեշտություն չկա էներգետիկայի նախարարության: Գազով եւ բաշխիչ ցանցերով զբաղվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ատոմակայանը հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկ է, էներգիա արտադրող մնացած ձեռնարկությունների աշխատանքը կոորդինացնելու որեւէ կարիք չկա: Կարելի է միացնել կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունները եւ ստեղծել մեկ, ասենք, հումանիտար հարցերի նախարարություն: Էլ չասած՝ տարբեր տեսակի ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը, որոնց գոյությունը որեւէ ձեւով արդարացված չէ: Բացի պաշտոնների նշանակելու խարդավանքներից՝ կարելի է երբեմն մտածել նաեւ նման հարցերի մասին: