Սերժ Սարգսյանի խնամին Գյումրիում շքեղ հյուրանոց է կառուցել
ՀասարակությունՍերժ Սարգսյանի խնամին, Վատիկանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանի հայրը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի սեփականատեր Արա Մինասյանը Գյումրու կենտրոնում շքեղ հյուրանոց է կառուցել: Այն գտնվում է Գյումրու կենտրոնական հրապարակում`Սուրբ Յոթ Վերք եկեղեցու ետնամասում:
Շինությունն Արա Մինասյանը դեռ ձեռք էր բերել այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին, այդ պահից սկսած էլ մեկնարկել էին շինարարական աշխատանքները:
Նախագահի խնամու հյուրանոցը գտնվում է Գյումրու «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում, Մինասյանն այն կոչել է «Գյումրեցի հյուրատուն»: Տեղեկությունների համաձայն`Մինասյանը մի քանի անգամ այցելելով Գյումրի նկատել է նշյալ շինությունը եւ ցանկացել է այն փրկել ոչնչացումից, այդ իսկ պատճառով կատարել է համապատասխան ներդրում:
Armtimes.com-ը Արա Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչու՞ է ցանկացել Գյումրիում ներդրում կատարել, սակայն վերջինս առաջարկեց մեր հարցերին պատասխանել ավելի ուշ:
Ի դեպ, նշենք, որ Սերժ Սարգսյանի խնամին Գյումրիում հաճախակի է լինում: Նա Գյումրիում ձեռնամուխ է եղել նաեւ անվանի բժիշկների հիշատակը հավերժացնող հուշատախտակների տեղադրման նախաձեռնությանը: