BBC-ն անդրադարձել է վանաձորյան Պուտինին
ՀասարակությունՀայաստանում՝ Վանաձոր քաղաքի մանկական հրապարակում, անսովոր հյուր է հայտնվել՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ճիշտ է, ստվարաթղթից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Խաղահրապարակի տիրոջ՝ Տիգրան Ստեփանյանի խոսքով, նախագահի պատկերով ստվարաթուղթը գրավում է հատկապես զբոսաշրջիներին: «Մարդիկ գալիս են, լուսանկարվում, թե մեծերը, թե երեխաները: Նույնիսկ արտասահմանցիները: Մի քանի օր առաջ Իտալիայից զբոսաշրջիկների խումբ էր եկել: Բոլորը ցանկանում են լուսանկարվել Պուտինի հետ», BBC-ին ասել է Տիգրան Ստեփանյանը:
Ստվարաթղթե նախագահ ստեղծելու գաղափարը նա ուներ 1990-ականներից: Այդ ժամանակ Մոսկվայում էր ապրում և Արբատի վրա 25 ռուբլի վճարելով լուսանկարվել էր ստվարաթղթե Գորբաչովի հետ:
«Մարդիկ այդպես փող էին աշխատում: Ես էլ մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ես էլ չաշխատեմ», ասում է Տիգրանը:
Առաջ Պուտինի կողքին նաև Օբաման էր կանգնած: Սակայն մի օր ալկոհոլը չարաշահած Վանաձորի մի քանի բնակիչներ Օբամային մեղադրել են հայկական դրամի կուրսի անկման համար և կոտրել են ստվարաթղթե նախագահին:
Հիմա Ռուսաստանի նախագահին ընկերակցում է միայն «Դե սպասիր» մուլտֆիլմից գայլը: