Վանաձորի «նոր էջը» շարունակում է «հնի» ձեռագիրը. բետոնապատ «շաուրմայանոց»՝ կանաչ տարածքի հաշվին
ՀասարակությունՎանաձորի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող սիզամարգերը վերացվում են, տեղերում կառուցվում են շաուրմայանոցներ:
Այդ սիզամարգերի վրա արդեն ավելացել են մի քանի տաղավարներ: Տարածքի բնակիչների ահազանգից հետո որոշ ժամանակով դադարեցվել էր շինարարությունը:
«Առաջին լրատվական» ահազանգած բնակիչներից մեկը պատմել է, որ առավոտյան բնակիչներն անակնկալի են եկել. «Գիշերը, երբ բոլորը քնած են եղել, բերել աբալովկա են կապել, բետոն լցրել»:
Մեր տեղեկություններով՝ շաուրմայանոցը պատկանում է Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար, ՀՀԿ-ական Արթուր Օհանյանին:
Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը օրերս հայտարարել էր, որ իրենք որևէ մեկին թույլտվություն չեն տվել: Հողհատկացում կատարվել է նախկին քաղաքապետի՝ Սամվել Դարբինյանի օրոք. «Եթե մարդը էդ հողի նկատմամբ ունի իրավունքներ՝ մենք չենք կարող մերժել՝ շինարարության թույլտվությունը տալիս ենք, բայց հողի հատկացում մենք չենք տվել»,- նշել էր քաղաքապետը: