Ազատ Արշակյանը հանդիպել է Սերժ Սարգսյանին․ ինչ է խնդրել նա նախագահից
ՔաղաքականությունՀայաստանում մեր քաղաքական ուժերը օրակարգ չեն ձևավորում, օրակարգ ձևավորում են Հայաստանից դուրս այլ ուժեր: Բոլորովին վերջերս ԱՄՆ-ն և ԵՄ-ն իրենց դաշնակիցների հետ ձևավորեցին օրակարգ՝ Ռուսաստանին զրկել իր արբանյակներից: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԳԽ նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը:
Գնահատելով ԱԺ «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությանը՝ Ազատ Արշակյանը նշեց, որ շատ լավ է, որ նրանք կանգնեցին ուժեղի, հզորի կողքին. «Նրանք քաղաքական օրակարգը ձևավորող առաջամարտիկներ են»,- ասաց նա՝ հավելելով, որ ուրախ է, որ կան ուժեր, որ ընտրել են ժողովրդավարությունը, անկախությունը և դա է ճիշտ ճանապարհը:
Ազատ Արշակյանը անդրադարձավ նաև Ժիրայր Սեֆիլյանի՝ Ազգային դիմադրության ճակատ ձևավորելու առաջարկին: Նա պատմեց, որ մի առիթով, ոչ իր նախաձեռնությամբ, հանդիպել է Սերժ Սարգսյանին և մեկ բան խնդրել. «Ես մեկ բան եմ խնդրել Սերժ Սարգսյանից, որ ազատ արձակի բոլոր քաղաքական կալանավորներին՝ առանց հաշվի առնելով նրանց վրա դրված հոդվածները: Մենք ինքներս գիտենք, որ քաղաքական մոտիվացիա կա նրանց անազատության մեջ հայտնվելու: Եթե նրանք քաղաքական ընդդիմախոս չլինեին, բանտում չէին հայտնվի»: Ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը պատասխանել է՝ կմտածեմ: