Կոնդեցիները փակել են Սերժ Սարգսյանի ճանապարհը
ՀասարակությունՎաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են արել և փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը: Նրանք պահանջել են, որպեսզի նախագահն անձամբ հանդիպի իրենց հետ և լուծում տա խնդրին: «Նախորդ անգամ Սերժ Սարգսյանը մեզ ասել էր, որ բարձի տակ գումար չունի, որ հանի տա, մենք նրանից գումար չենք ուզում, այլ պահանջում ենք, որ մեզ հստակ օր ասի, թե երբ մեր տների շինարարությունը կսկսվի: Ութ տարի է՝ փողոցում ենք, տներից հանել են էն նախապայմանով, որ բնակարաններ պետք է տրամադրեն, բայց մինչ օրս անօթևան ենք, և դեռ անհայտ է, թե որքան պետք է շարունակվի: Ասել էին 2 տարում բնակարանները կհատկացնեն, բայց հիմա շինարարությունը կանգնած է, ասում են՝ փող չկա»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բնակիչներից Նարինե Հարությունյանը: Վերջինը տեղեկացրեց, որ իրենց հաջողվել է փակել Սերժ Սարգսյանի ճանապարհը և զրուցել նրա հետ. «Այս անգամ էլ նախագահից խոստում կորզեցինք, նա մեզ ասաց, որ մեր` կոնդեցիների համար բնակարանների շինարարությունը շարունակվում է, խնդիրը կլուծվի: Փորձում ենք նրա խոսքին հավատալ, հույս ունենք, որ նախագահը մեզ չի խաբի»:
Հիշեցնենք` 2007 թվականին իրացման գոտի ճանաչված Կոնդ թաղամասում քանդվել են մոտ 200 ընտանիքների տներ: Մարդիկ մնացել են անօթևան, իսկ «Դաուն-Թաուն» ընկերությունը, որը պարտավորվել էր այս ընտանիքներին տներով ապահովել, թաղամասում կառուցվող շենքի շինաշխատանքները կիսատ է թողել: