Ի՞նչն էր Գյումրիի սպանության շարժառիթը. նոր մանրամասներ
ՀասարակությունՔիչ առաջ Hraparak.am-ին մանրամասներ հայտնի դարձան Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդևան Գրիգորյանի՝ Ապարի որդու սպանությունից։ Ըստ մեր տեղեկությունների՝ պատճառը եղել է Գյումրիում գովազդային վահանակի վրա տեղադրված պաստառը, որի վրա զառեր են պատկերված, և գրված է՝ «հաջողության բանաձևը»։
Սրանով Վ. Գրիգոյանի հակառակորդները փորձել են հեգնել Գրիգորյանին՝ ակնարկելով նրա երիտասարդ տարիները, երբ նա հայտնի էր որպես «լավ զառ խաղացող»։ Պաստառը տեղադրված էր ԲՀԿ-ի շտաբի դիմաց։ Այժմ այն պոկված է։
Այս պաստառը տեսնելով՝ Վարդևան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը, գնացել է, որ պոկի այն, սակայն մի խումբ մարդիկ մոտեցել ու թույլ չեն տվել։ Տեղի է ունեցել բախում նրանց միջև, որի արդյունքում կրակել են Գրիգորյանի որդու վրա։ Նա, հիվանդանոց չհասած, մահացել է։ Արշակը 26 տարեկան էր։ Նա ընտանիքի փոքր զավակն էր։
Նշենք, որ ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ Գյումրիում սպանված ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակին գտել են իրենց տան նկուղում: Նկուղից, այս պահի դրությամբ, հայտնաբերվել է ատրճանակ:
Մանրամասները ճշտվում են: