Նոր մանրամասներ Գրիգորյանի որդու մահվան դեպքից
ՀասարակությունԳյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության դեպքի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Տեղեկացնում է Armtimes.com կայքը։
Մասնավորապես հայտնի դարձավ, որ դեպքի ժամանակ առանձնատանն են եղել Արշակ Գրիգորյանի մայրը, եղբոր կինը եւ նրա հարազատներից մեկը, որին Արշակը զանգել էր եւ կանչել իրենց տուն, որպեսզի միասին ինչ-որ տեղ գնան:
Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից: ՔԿ-ից ասացին, որ նախաքննական մարմնի կողմից հստակեցվել է Արշակ Գրիգորյանի գործողությունների հաջորդականությունը: Նա նախ առանձնատնից դուրս է եկել բակ, մտել է իրենց ավտոտնակ, ապա նկուղային հատված, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը: Ընտանիքի անդամները տեսնելով, որ Արշակ Գրիգորյանը չի երեւում, գնացել են նկուղ եւ մահացած հայտնաբերել նրան:
Կոմիտեից փոխանցեցին, որ աշխատանքային տարբեր վարկածներ են մշակվել:
Հիշեցնենք, որ Գյումրիում քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նկուղից հայտնաբերվել է ատրճանակ: Քրգործ է հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: