Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսը
Տնտեսություն«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է ստեղծել: Վերջինիս ընտանիքին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի է հանվել գարեջրի նոր տեսականի, որոնք Հայաստան են ներկրում Ալեքսանյանի անվան հետ կապվող երկու ընկերությունները:
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն սկսել է ներմուծել «Օչակովո» ռուսական արտադրության գարեջրի տեսականին: Վաճառքի են հանվել «Օչակովո» և «Ժիգուլևսկոյե» անվանումները կրող գարեջրեր:
Բացի այս, երկու տեսակից Ալեքսանյանի մեկ այլ ընկերությունը՝ «Նատալի ֆարմը», ներկրում է վրացական «Զեդազենի» տեսակի գարեջուրը: Նշենք, որ «Նատալի ֆարմը» հայտնի է դեղատներով և դեղորայքի ներմուծմամբ, բայց թե ինչպես են սկսել գարեջուր ներկրել այս ընկերությամբ, տարօրինակ է:
Ի դեպ, այս գարեջրերը հիմնականում ավելի էժան գնով են վաճառվում «Երևան սիթի» խանութներում: Օրինակ՝ «Օչակովո» գարեջրի 1.5 լիտրը վաճառվում է 990 դրամով, որն ավելի էժան է, քան մյուս ներմուծված գարեջրերը»: