Թոխմախի Մհերի փեսայի հետ կոնֆլիկտը և երրորդմասցի Լյովիկի սպանության միջև կապը. նոր մանրամասներ դատարանում
Հասարակություն1in.am-ը հաղորդում է․
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք է բերել ու պահել մարտական ակոսափող հրազեն հանդիսացող, 1963 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄՍ» տեսակի ինքնաձիգ, 1976 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և 1960 թվականի գործարանային արտադրության «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ, որոնք ապահովված են եղել պահունակներով ու ռազմամթերք հանդիսացող փամփուշտներով:
2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացող Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լևոնի, ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:
Շարունակվեց դատարան չներկայացած վկաների նախաքննական ցուցմունքների հրապարակումը:
Հիմնականում հրապարկվեցին Երրորդմասցի Լյովիկի շրջապատի, դեպքի օրը նրան «Նուբարաշեն» ՔԿՀ ուղեկցած անձանց ցուցմունքները:
Երրորդմասցի Լյովիկը՝ Լևոն Ղազարյանը, քրեական հեղինակություն լինելով հանդերձ Հայաստանի թիավարության ֆեդերացիայի նախագահն էր: Նա որպես ֆեդերացիայի «օֆիս» և իր շրջապատի տղերքի հավաքատեղի՝ վարձակալել էր Արարատյան 1-ին նրբանցքում մի երկհարկանի առանձնատուն:
Լևոնի շրջապատի տղաները՝ հիմնականում մականունավոր, իրենց նախաքննական ցուցմունքներում որպես Լևոնի հետ հակասություններ ունեցած անձի՝ հիշատակել են Գաստիկի՝ Վահան Հակոբյանի անունը, ենթադրել են, որ այդ հակասության պատճառով ինչ-ինչ վտանգներից անհանգստացող Լևոն Ղազարյանը քաղաքում իր սպիտակ «Լեքսուսով» շրջում էր համախոհների՝ երեք-չորս մեքենաների շարասյան ուղեկցությամբ: Բացի այդ, ինչպես երևաց ցուցմունքներից՝ Լևոնը շատերի հետ է շփվել, սակայն քչերին է իրականում վստահել: Նա մինչև վերջին պահը չի ասել, թե որ ուղղությամբ, ուր է գնալու: Այդ մասին հիմնականում իմացել են Լևոնի հետ սպանված Դրոն, Մոսոն: Մյուսներին երթևեկության ուղղության մասին կարող էր ասվել հենց երթևեկության ընթացքի ժամանակ:
Լևոն Ղազարյանը իր «Լեքսուսի» մեջ՝ հետևի նստատեղի մեջտեղի հատվածում մշտապես մարտական վիճակում գտնվող ատրճանակ էր պահում «ձեռքի տակ»՝ պատրաստ լինելու համար անակնկալ հարձակումների:
Ըստ երևույթին՝ Լևոն Ղազարյանի սովորությունների ու անվտանգության միջոցառումների մասին իմացել են նաև նրա սպանության կազմակերպիչները, քանի որ հարձակվել են Լևոն Ղազարյանի համար ամենաանսպասելի պահին՝ ոչ մի հնարավորություն չտալով, որ նա ինքնապաշտպանության դիմելու որևէ քայլ կատարի:
Ցուցմունքներից կարելի էր եզրակացնել նաև, որ սպանության կազմակերպիչները բավական «հմուտ» կերպով կարողացել են շեղել Լևոն Ղազարյանի շքախմբի ուշադրությունը: Լևոնի մեքենային ուղեկցող երկու մեքենաները այդ պատճառով հետ են ընկել՝ Լևոնի հանձնարարությամբ ժամանակ կորցնելով «Նուբարաշենի» ճանապարհին կասկածելի թվացած մեքենաներում նստածների ով լինելը, իրենց հետևել-չհետևելը պարզելու համար: Այդ երկու մեքենաները դեպքի վայր են հասել այն ժամանակ, երբ արդեն հնչել էին ավտոմատների կրակահերթերը, ու սպիտակ «Լեքսուսի» երկու կողմերում արդեն մահացած կամ մահամերձ ընկած էին Մոսոն, Լևոնը, Դրոն:
Կրակոցների պահին Լևոն Ղազարյանի կողքին գտնվողներից անվնաս են մնացել նրանք, ովքեր իրականում թիրախ չեն եղել ու կրակոցներ լսելուն պես անմիջապես կռացել, թաքնվել են, չեն հայտնվել կրակահերթերի ուղղության վրա, կարողացել են պահպանել իրենց կյանքը:
Վկա Սեյրան Կ.-ն հայտնել է, թե Լևոնին ճանաչել է մոտ 3-4 տարի՝ Դրոյի միջոցով: Նա օրվա մեջ բավական ժամանակ է անցկացրել Լևոնի «օֆիսում», Լևոնը նրան խոստացել էր, որ ավտոլվացման կետ կաշխատեցնի:
Սեյրանը այն անձանցից էր, ովքեր գիտեին, թե դեպքի օրը՝ մարտի 4-ին, Լյովիկն իր շքախմբով գնալու է տղաներից մեկի՝ Սուրիկի հորաքրոջ ամուսնու թաղմանը: Բայց ճանապարհին Սեյրանն իմացել է, որ շարժվում են դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ: Ճանապարհին տղաներին թվացել է, թե Լյովիկի սպիտակ «Լեքսուսին» հետևում է ինչ-որ սև «ՎԱԶ-2110»:
«Լեքսուսը» նույնիսկ խաչմերուկներից մեկում կարմիր լույսի տակ չի կանգնել, «ՎԱԶ-2110»-ը նույնպես չի կանգնել: Սեյրանը հանձնարարություն է ստացել, որ հաջորդ խաչմերուկում իջնի, պատահական տաքսի նստի և այդ «ՎԱԶ-2110»-ին հետևի: Այդպես էլ արել է: Բայց «ՎԱԶ-2110»-ը գնացել է լրիվ այլ ուղղությամբ, Սեյրանը ստիպված է եղել տաքսիով ուշացումով հասնել «Նուբարաշեն»:
Այնտեղ արդեն հնչել էին կրակոցները: Սեյրանը մոտեցել է «Լեքսուսին», տեսել է, որ Դրոն դեռ շնչում է: Նա Դրոյին քաշել-նստեցրել է «Լեքսուսի» մեջ, տեսել է, որ մեքենայի մյուս կողմում ընկած է Մոսոյի դիակը: Եթե մեքենան շարժվեր, Մոսոյի մարմինը կմնար անիվների տակ:
Սեյրանը մի կողմ է քաշել Մոսոյի անշունչ մարմինը, «Լեքսուսով» Դրոյին տարել են հիվանդանոց: Սեյրանը Լյովիկին չի տեսել դեպքի վայրում, նրան արդեն այլ մեքենայով տարել էին հիվանդանոց…
Վկա Էդգար Պ.-ն՝ «Խռիկ» մականունով, դեպքի պահին եղել է Լյովիկի սպիտակ «Լեքսուսի» ղեկին: Այդ մեքենան հիմնականում Էդգարն է վարել: Նա սովորաբար իր անձնական մեքենան կանգնեցնում էր «օֆիսի» բակում, իսկ ինքը վարում էր Լյովիկի «Լեքսուսը»:
Ըստ Էդգարի ցուցմունքի՝ Դրոյին ճանաչել է մանկուց, իսկ Լյովիկին՝ 2006 թվականից, երբ միասին պատիժ էին կրում «Նուբարաշենում»: Էդգարն ազատվել է 2007 թվականին, շարունակել է մտերմությունը ինչպես Դրոյի, այնպես էլ ՔԿՀ-ից ազատված Լյովիկի հետ: Ըստ Էդգարի՝ Լյովիկը մշտապես ֆինանսապես օգնել է իրեն՝ չնայած ինքը նրա մոտ չէր աշխատում:
Երբ մարտի 4-ին Լյովիկի «Լեքսուսը» ցանկացել է դուրս գալ նրա շենքի բակից, մի «07» փակել է ճանապարհը: «Լեքսուսի» մեջ նստածներին թվացել է, թե «07»-ում գտնվողները դիմակով են: Անմիջապես հանձնարարել են «Լեքսուսի» հետևից ուրիշ մեքենայով Լյովիկին ուղեկցողներին՝ ճշտել, թե ովքեր են «07»-ի մեջ:
Երկու մեքենա հետ է ընկել, վերադարձել է «07»-ի մոտ ու տեսել են, որ վարորդի տեղում նստածը ոչ թե դիմակով է, այլ գլուխը վիրակապված է: Հարցրել են՝ ովքե՞ր եք: Ասել են՝ առաքիչներ ենք: Քանի որ Լյովիկը «8» սուպերմարկետի շենքում էր ապրում՝ «Ձկան խանութի» մերձակայքում, հավատացել են, որ իրենց ճանապարհը փակողները հենց առաքիչներ էին, ոչ թե Լյովիկի հակառակորդները: Անմիջապես զանգել ու հանգստացրել են «Լեքսուսի» մեջ գտնվողներին: Իրենք էլ ճամփա են ընկել նրանց հետևից, բայց հասել են արդեն կրակոցներից հետո…
Ըստ Էդգարի՝ սկզբում ինքն իմացել է, թե թաղում են գնում, ճանապարհին Լյովիկն ասել է, որ գնում են «Նուբարաշեն»՝ «Մանումենտի Դավիթին» այցի:
«Նուբարաշենի» ավտոկայանատեղիում «Լեքսուսը» հարմար տեղ է կանգնել, Մոսոն արդեն այնտեղ սպասում էր, նա մոտեցել ու բացել է մեքենայի հետևի ձախ դուռը, որտեղ նստած էր Լյովիկը: Վերջինս իջել է մեքենայից: Ու հենց այդ պահին հնչել են կրակահերթեր: «Լեքսուսի» ղեկին նստած Էդգարը կռացած դուրս է եկել մեքենայից, թաքնվել է: Նա մեքենայի ձախ մասում տեսել է դիմակավոր, ամբողջովին մուգ հագուստ հագած երկու հոգու՝ ավտոմատներով, մեքենայի աջ կողմում եղել է նույնպես դիմակավոր մեկ ավտոմատավոր: Նրանք կրակահերթեր են արձակել, ապա ոտքով փախել-հեռացել են ՔԿՀ տարածքից:
Էդգարը չի տեսել, թե ով է այդ թոհուբոհի մեջ Լյովիկին մեքենա դրել ու տարել: Նա օգնել է Սեյրանին՝ Դրոյին դրել են «Լեքսուսի» մեջ, տարել են հիվանդանոց: Հետո ինքը գնացել է «օֆիս»:
Էդգարն ասել է, թե չգիտի՝ ով կարող էր սպանել Լևոնին ու ընկերներին:
Ըստ Էդգարի՝ Լևոնը կիսվել է Դրոյի հետ: Լևոնի «Լեքսուսի» մեջ զենքեր կային՝ Լևոնի զենքերն էին, իր իմանալով՝ օրինական, որսորդական «Սայգա» կար, «Վինչեսթր», ատրճանակ էլ պիտի լիներ…
Ըստ Էդգարի՝ կրակողներից երկուսին է ավելի պարզ տեսել: Քանի որ նրանք դիմակով են եղել, դեմքերը չի կարողացել նկարագրել, միայն հիշել է, որ երկուսն էլ կլինեին 170-180 սմ հասակով, մեկը՝ համեմատաբար ավելի ամրակազմ էր…
Դեպքի վայրում թափված են եղել 20 հազար դրամանոց թղթադրամներ: Ըստ Էդգարի՝ Լևոնն իր մահացած ընկեր Մհերի կնոջն այդ օրը պետք է ուղարկեր 600 հազար դրամ: Ընդհանրապես, ըստ Էդգարի, Լևոնը միշտ իր մոտ բավական գումար էր ունենում…
Էդգարը նշել է, որ Լյովիկը երկու ամիս առաջ՝ հունվարին, Դրոյի ու Չարբախի Վրեժի հետ դարձյալ այցելել էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող «Մանումենտի Դավիթին»: Մնացել էին մոտ երկու ժամ: Ով էր թույլ տվել տեսակցությունը՝ չգիտի…
«Խռիկ» մականունով Էդգարը հայտնել է, թե ինքը հաճախ է քնել Լևոնի «օֆիսում»: Իսկ տղաներից մեկը՝ «Գլոբ» մականունով, մշտապես ապրում էր «օֆիսում»:
Էդգարը նշել է, որ «Լեքսուսի» մեջ Լյովիկը միշտ մարտական վիճակում գտնվող ատրճանակ է պահել «ձեռքի տակ»՝ հետևի նստատեղի մեջտեղի մասում: Երբ դեպքի վայրում կրակահերթերը դադարել են, կրակողները ոտքով հեռացել են, Էդգարը վերցրել է Լյովիկի ատրճանակը, գնացել է նրանց հետևից ու երեք անգամ օդ է կրակել. «Ուզում էի նախազգուշացնեի, կանխեի նրանց փախուստը կամ պաշտպանվեի…»:
Էդգարը կրակոցներից հետո Լյովիկի ատրճանակը շպրտել է քարակույտի մոտ:
Էդգարը տեղեկություններ է հայտնել նաև այն մասին, որ իրեն ու իրենց ընկեր Հայրոյին 2014 թվականի հուլիսին առևանգել են՝ «Ոստիկանություն» մակագրությամբ համազգեստով, դիմակավոր մարդիկ՝ մոտ տասը հոգի՝ «ժիլետներով, մահակներով», մի քանի մեքենայով, շրջապատել են իրենց երկուսին, ասել են, թե «6-րդ վարչությունից» են, իրենց պառկեցրել են գետնին, «զախվատի նման» իրենց ձեռքերը հետ են ոլորել, ապա գցել են մեքենայի մեջ, կապկպել են, «սկոչով» փակել են իրենց բերանը, «մեշոկը» հագցրել են իրենց գլխին, ծեծելով տարել են ինչ-որ մութ սենյակ, իր պատկերացմամբ՝ նկուղ էր:
Այնտեղ ուժեղ ծեծել են իրենց, բայց հայհոյել են Երրորդմասցի Լյովիկի հասցեին, ասել են, որ իրենց խնդիրը միայն Լյովիկի հետ է: Ըստ Էդգարի՝ այդ քայլով այդ մարդիկ, որոնք, իր հասկանալով ոստիկաններ չէին, ուզում էին Լյովիկին հասկացնել, որ իրենք «ավելին են»:
Այդ մարդիկ պահել են իրենց, ուժեղ ծեծել են, բայց նաև կերակրել են, հետո տարել, բաց են թողել Մուրացանի փողոցի հիվանդանոցի մոտ: Էդգարը ենթադրել է, որ իրենց բաց են թողել Լյովիկի միջամտությունից հետո: «Բազմաթիվ վնասվածքներ ունեի, գլուխս ցխվել էր»,- ասել է Էդգարը:
Այս առևանգման վերաբերյալ նրանք ոստիկանությանը չեն հայտնել: Էդգարի տատիկը արդեն ոստիկանություն էր դիմել, թե թոռը չկա, բայց Էդգարը հերքել է, ասել է, թե իրեն ոչինչ չի պատահել: Այդպես է վարվել՝ վախենալով իր անվտանգության համար:
Այս առևանգմանը վերաբերող մնացած հարցերին ինչպես Էդգարը, այնպես էլ Հայրոն, չեն պատասխանել՝ նշելով, թե չեն պատասխանում՝ իրենց անվտանգության համար վախենալով:
Էդգարը որոշ տվյալներ է հայտնել 2014 թվականի գարնանը կամ ամռանը Հյուսիսային պողոտայի «Ավենյու» սրճարանում Երրորդմասցի Լյովիկի ու Մհեր Սեդրակյանի փեսա, «Մանչ» մականունով Արման Մադաթյանի կոնֆլիկտի վերաբերյալ:
Ըստ Էդգարի՝ այդ կոնֆլիկտը եղել է «Մանչի» խմբի տղաներից մեկի՝ Լյովիկին չբարևելու պատճառով: Երբ Լյովիկը զայրացել է, թե ինչու իրեն չբարևեց այդ տղան, «Մանչն» ասել է՝ է, դու բարևի: Հետո «Մանչը» նեղացած հեռացել է: Երրորդմասցի Լյովիկի հետ է եղել Տույը: Վերջինս կամ «Մանչի» հետինները չեն միջամտել Լյովիկի ու «Մանչի» վեճին… Դրանից մոտ քսան օր հետո, ըստ Էդգարի, առևանգել են իրեն ու Հայրոյին: Իսկ հետո էլ Գաստիկին մարմնական վնասվածքներ են պատճառվել: Գաստիկը Մհեր Սեդրակյանի մտերիմներից է եղել՝ ըստ այս վկայի ցուցմունքի… Վկան նշել է, թե գաղափար չունի՝ ով է Գաստիկին վնասվածքներ հասցրել, բայց գիտեր, որ Գաստիկն ու Լյովիկը ինչ-որ հակասության մեջ էին մտել…
Վկա Հայկ Ս.-ն, ով Լյովիկի շքախմբի մեքենաներից վերջինն էր վարել, ուշացումով էր հասել «Նուբարաշեն», նկարագրել է, որ Մոսոն սպանված-ընկած էր՝ մեքենայի «պադմոժկային» ու Լյովիկին հենված, Մոսոյի գլուխն էր վնասված՝ «ուղեղը երևում էր…»:
Հայկ Ս.-ն Լևոնին դրել է իրենց ընկերներից՝ Վարդանի «ԲՄՎ»-ն ու շտապել են հիվանդանոց: Մովսեսին թողել են դեպքի վայրում ընկած, նրա վրա այլևս «անիմաստ են համարել ժամանակ կորցնել», ակնհայտ էր, որ նա սպանված է…
Վկա «Բոկան»՝ Բորիս Շ.-ն ծնվել-մեծացել է Երրորդ մասում, Դրոյին մանկուց է ճանաչել, Լյովիկին՝ 2010 թվից: Ըստ «Բոկայի»՝ 2014 թվականի ամառվանից Լյովիկը հակասություններ ուներ Գաստիկի հետ, ու մտավախություն կար, որ Գաստիկը կարող է վատություն անել Լյովիկին: Դրա համար Լյովիկը քաղաքում շրջում էր մի քանի մեքենաների ուղեկցությամբ:
Ըստ «Բոկայի»՝ երբ իմացան, որ Լյովիկը սպանվել է, «տղաները լաց էին լինում, շոկի մեջ էին բոլորը»:
Վկա Հայրապետ Գ.-ն՝ Հայրոն, անձնական օգտագործման «Մերսեդես» ուներ, որը դեպքի օրը թողել է «օֆիսի» բակում, ինքը նստել է «Խռիկի» մեքենայի ղեկին, իսկ «Խռիկը»՝ Լյովիկի սպիտակ «Լեքսուսի» ղեկին:
Հայրոյի «Մերսեդեսի» համարանիշը խուզարկության ժամանակ հայտնաբերվել է Սարգիս Հախանումյանի տանը՝ թղթի կտորի վրա գրված: Հայրոն ենթադրել է, որ իր մեքենայի համարը Հախանումյանի ուշադրությանն է արժանացել այն պատճառով, որ ինքը այդ մեքենան հաճախ է տվել Դրոյին, ով վարել է այն…
Վկա Էդգար Հ.-ն՝ «Կյաժ» մականունով, հայտնել է, որ իր իմանալով՝ Լևոնը բիզնես ուներ, նաև քրեական հեղինակություն էր, «բայդարկի» ֆեդերացիայի նախագահ, շատերն էին փորձում մոտ լինել Լևոնին: Իրենք իմացել են, որ ինչ-որ հակասություն կա Գաստիկի հետ, Լևոնին կարող է վտանգ սպառնալ: Նրա անվտանգության ապահովման համար «շրջում էին հետը»: Դեպքի օրը չորս մեքենա էր ուղեկցում Լյովիկի սպիտակ «Լեքսուսը»… Մոսոն ու Վարդանն էլ նախապես գնացել էին «Նուբարաշեն» ՔԿՀ, որ աչք ածեն, համոզվեն, որ կասկածելի մարդիկ չկան…
Հրապարկվեցին այս գործով կասկածյալի, ապա մեղադրյալի կարգավիճակ ստացած, ապա վկա դարձած երկու անձի ցուցմունքները՝ Մանվել Ա. և Կարեն Ե.:
Այս երկուսը դեպքի օրը եղել են Ավան-Առինջում գտնվող «Միլենա» տաքսի ծառայության գրասենյակում, երբ «Նուբարաշենում» հնչած կրակոցներից հետո՝ ժամը 14.30-ի սահմաններում, սև սպորտային կապյուշոնով բաճկոններով այնտեղ են հայտնվել Գաստիկը, Ծգըլն ու Տլեն: Այս վկաներին ծանոթ է եղել Ծգըլը, ով ասել է, թե իրենց մեքենա է հարկավոր: Գրասենյակում Ծգըլին ծանոթ է եղել նաև «Ձուկ» մականունով Նարեկը, ով Մանվելի նոր գնած մեքենայով երեք տղաներին տարել է Նորք՝ «ինչ-որ տեղ»:
Երեք ամբաստանյալների՝ Գաստիկի, Ծգըլի, Տլեի՝ Ավան-Առինջում գտնվելը հաստատել են «Նոր Զովք» սուպերմարկետի տեսախցիկների նկարահանած նյութերով՝ դրանք ճանաչման ներկայացնելով վերոհիշյալ վկաներին:
Հեռախոսային խոսակցությունների ժամանակ վկա Մանվելը կնոջն ասել է. «По пути ք… եմ ընկել»՝ նկատի ունենալով, որ անմեղ տեղը ընկել է քաշքշուկի մեջ: Վկաները կարողացել են նախաքննության ընթացքում հաստատել իրենց անմեղությունն ու առնչություն չունենալը Երրորդմասցի Լյովիկի և մյուսների սպանությանը, որոնց համար մեղադրվում են ներկայումս ամբաստանյալի աթոռին նստած Գաստիկը, Տլեն ու Ծգըլը:
Հաջորդ դատական նիստին կշարունակվի դատարան չներկայացած վկաների ցուցմունքների հրապարակումը: Մնացել է 13 վկա…