Իրավունք չունենք
ՀասարակությունԱնկախության 25-ամյակի առիթով անցկացված զորահանդեսը իրապես տպավորիչ էր՝ հայկական բանակի հպարտ զինվորներով, արդիական սպառազինությամբ ու տեխնիկայով: Այդ տպավորությունը, հայկական զինուժի հպարտությունը մթագնել չհաջողվեց անգամ հրապարակով անցնող ռուսական զորագնդին, որը ներկայացնում է մի պետություն ու մի դրոշ, որն ապրիլի պատերազմի օրերին բացահայտորեն հանդես էր գալիս հակառակորդ Ադրբեջանի ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդ որում՝ այդ աջակցությունը ցուցաբերվել է պատերազմից դեռ տարիներ առաջ:
Այնուամենայնիվ, նույնիսկ այդ հանգամանքը անկարող էր ստվերել հայկական հրաշալի բանակը, որն անցավ հպարտորեն, նաև՝ այն հերոսների փոխարեն, նաև նրանց հիշատակը վառ պահելով, որոնք ապրիլի պատերազմի իրենց սխրանքով կյանքի գնով պահպանեցին պետության անվտանգությունը:
Այս ամենով հանդերձ, սակայն, զորահանդեսը հպարտության կողքին առաջ բերեց նաև մտահոգություն, մտահոգություն՝ կապված այն իրողության հետ, որ մեր պետականության ընթացքում անասելի մի խզվածք է առաջացել բանակի և պետականության միջև: Բանն այն է, որ բանակը պետականության շարունակությունն է, ըստ էության՝ պետական որակների հայելային արտացոլումը: Խոսքը հատկապես այն բանակների մասին է, որոնք չեն ներկայացնում նավթագազային կամ հումքային այլ հարուստ երկրներ, որոնք այդ ռեսուրսներով ըստ էության չեզոքացնում են պետականության ու բանակի կապի բացակայությունը:
Հայկական պետականության պայմաններում բանակը չի կարող լինել առանց որակյալ պետական թիկունքի: Ապրիլի պատերազմին մենք տեսանք, թե դա ինչ խնդիրների և ծանր կորուստների կարող է հանգեցնել: Եվ ուրեմն, ցուցադրելով հայկական բանակի ուժն ու սպառազինությունը՝ այնուհանդերձ, հայկական պետականությունը կարիք ունի ցուցադրելու նաև այլ ուժ, այլ կարողություններ, այլ որակներ կյանքի այլ բնագավառներում՝ տնտեսություն, կրթություն, մշակույթ, իրավաքաղաքական համակարգ: Հայաստանի Հանրապետությունը պարտավորված, պարտադրված է այդ ոլորտներում իր որակական բեկումով ապահովել թե՛ բանակի մարտունակությունը երկարատև իմաստով և թե՛, դրանով հանդերձ, իր և տարածաշրջանի հնարավորինս երկարատև խաղաղությունն ու կայունությունը: Երբ ասում ենք՝ իր, դա ներառում է նաև Հայաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղը:
Մենք առանձնակի հպարտությամբ ենք ասում, որ բանակը մեր պետականության ամենակայացած կառույցն է, բայց միևնույն ժամանակ սա պետք է ասենք նաև մտահոգությամբ և խորհելով, որ եթե բանակն է մեր պետականության ամենակայացած կառույցը, ապա ապագայում մենք կարող ենք խնդիրներ ունենալ այդ կայացածության հետ, եթե չկարողանանք պետականությունը հասցնել լիարժեք կայացնել նրա հետևից:
Ընդհանրապես՝ նախ պետք է կայանա պետականության կառավարման համակարգը, կառավարման ինստիտուտները, որպեսզի հետո դրանց վրա հուսալիորեն կայանան թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական կառույցները: Եվ եթե այս հաջորդականությունն ենք մենք բաց թողել, ապա գոնե բանակը մեր պետականությունից շատ առաջ բաց թողնելու իրավունք չունենք, այլապես բանակը մի օր կթողնենք մենակ: