Աղվան Հովսեփյանը հաղթեց
ՀասարակությունԱպարանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Գոռ Աբրահամյանը վերընտրվել է։ Երեկ կայացած ընտրություններում նա հավաքել է 2408 ձայն, իսկ նրա մրցակիցը՝ անկուսակցական Էդգար Փարվանյանը, 1112 ձայն։ Հիշեցնենք, որ «ՉԻ»-ն նախընտրական շրջանում անդրադարձել էր Ապարանի ընտրություններին։
Նշել էինք, որ թեեւ ՀՀԿ-ն չի սատարում գործող քաղաքապետին, սակայն վերջինս գտնվում է Քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի բարձր հովանու ներքո։ Վերջինս Գոռ Աբրահամյանի նախընտրական շտաբ էր այցելում ուշ երեկոյան, չցանկանալով նկատվել, իսկ Աբրահամյանն էլ իր հերթին հերքում էր Հովսեփյանի` իրեն աջակցելու մասին լուրերը։ Ինչպես պարզվեց, Աղվան Հովսեփյանը ավելի զորեղ գտնվեց։ Որքան էլ ՀՀԿ կազմակերպչական խորհուրդը աշխատեց դժվարացնել Գոռ Աբրահամյանի աշխատանքը, անգամ նրա նախընտրական շտաբը դուրս գցելով ՀՀԿ գրասենյակից, սակայն ջանքերն ապարդյուն եղան։ ՀՀԿ-ի կողմից հովանավորվող, անկուսակցական բիզնեսմեն Էդգար Փարվանյանը պարտվեց։ Ասել է թե` Գառնիկիչը հաղթեց Ազատիչին: