Տղամարդը կրակել է իր աղջկան փախցրած հարևանի տան վրա
ՀասարակությունՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ավարտվել է Սամվել Մ.-ի գործով քննությունը:
51-ամյա Սամվելին մեղադրանք էր առաջադրված ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի մայիսի 29-ին, ժամը 21-ի սահմաններում Սամվել Մ.-ն իմացել է, որ հարևան Մհերը առևանգել է իր դստերը:
Զայրացած Սամվելը տանից վերցրել է կնոջ անունով հաշվառված 12 մմ տրամաչափի որսորդական ողորկափող հրացանը՝ լիցքավորված՝ «խորանարդներ պարունակող փամփուշտով»: Սամվելը հետը վերցրել է խորանարդներով լիցքավորված ևս երեք փամփուշտ, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դիտավորությամբ բարձրացել է իրենց շենքի 7-րդ հարկ, որտեղ ապրում էր դստերն առևանգած Մհերը:
Սամվել Մ.-ն զայրույթից շփոթել է Մհերի բնակարանի մուտքի դուռը և իր դստերը վերադարձնելու պահանջով որսորդական հրացանից մեկ անգամ կրակել է նույն հարթակում բնակվող մեկ ուրիշ հարևանի՝ Արմանի բնակարանի մուտքի դռան շրջանակի աջ անկյունային հատվածին:
Այնուհետև, չհանգստանալով, Սամվելն իջել է շենքի բակ, հրացանը լիցքավորել է խորանարդներ պարունակող ևս մեկ փամփուշտով, նորից շփոթել է ու դստերն առևանգած Մհերի պատուհանի փոխարեն կրակել է դարձյալ Արմանի բնակարանի պատուհանին՝ վնասելով այն:
Սամվել Մ.-ի զայրույթի ու շփոթմունքի պատճառով հարևան Արմանին պատճառվել է 45 հազար դրամի գույքային վնաս: Ով աղջիկ փախցնի, ում դուռ-պատուհանը ջարդեն…
Դատարան էր դիմել տուժող Արմանը՝ հայտնելով, որ ինքը հաշտվել է ամբաստանյալի հետ, խնդրում է նրան քրեական հետապնդման չենթարկել:
Ամբաստանյալը ևս հայտնել է, որ հաշտվել է տուժողի հետ:
Դատարանը հաշտության հիմքով կարճել է քրեական գործի վարույթը, դադարեցրել է Սամվել Մ.-ի քրեական հետապնդումը: