Տիգրան Սարգսյանի մոդայիկ պատմուճանը
Քաղաքականությունshame.am-ը գրում է․
Նախկին վարչապետ, այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Հայաստանի Անկախության օրը նշել է ոչ թե իր երկրում, այլ Սանկտ Պետերբուրգում: Ընտրությունն ինքն է կատարել, քանի որ եթե Երևան գար, այստեղ ոչինչ չէր ստանալու, իսկ Սանկտ Պետերբուրգում նրան միանգամից երկու բան են տվել՝ ՍՊՊՏՀ-ի Պատվավոր դոկտորի պատմուճան ու ոսկե մեդալ:
Թե հատկապես ո՞ր ծառայությունների համար է նա արժանացել այդ բարձր պատվին, ոչ ոք չգիտի: Ենթադրվում է, որ ռուսները պարզապես ժեստ են արել՝ հաշվի առնելով, որ Տիգրան Սարգսյանը 30 տարի առաջ ավարտել է հենց այդ բուհը: Ու հավանաբար Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանում էլ կարգին զարմացել են, որ իրենց շրջանավարտին հաջողվել է նման թռիչք կատարել: Իսկ այսօր առավել քան զարմացան, որովհետև Սարգսյանն այնտեղ հանդես եկավ Եվրասիական տնտեսական միության մասին զեկույցով և հավաքված ուսանողադասախոսական կազմին սկսեց բաներ ասել, որոնց մասին դպրոցականներին էլ է հայտնի: «Ես ցանկանում եմ պատմել այն թրենդների մասին, որոնք այսօր որոշում են համաշխարհային տնտեսության զարգացումը: Այսօր եկեք խոսենք Եվրասիական տնտեսական միության մասին, որը շատ դինամիկորեն է զարգանում: Այն աշխարհում ամենալուրջ տնտեսական միավորումն է Եվրամիությունից հետո»,-ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:
Նման դատողությունների համար ոսկին ի՞նչ է, ադամանդակուռ թագ էր պետք հանձնել նորաթուխ պատվավոր դոկտորին, որ մի կարգին չգիտի էլ, թե աշխարհում ուրիշ ի՞նչ տնտեսական միություններ կան և արդյո՞ք դրանց շարքում ԵԱՏՄ-ն կարող է հավակնել երկրորդ տեղին: Սակայն Տիգրան Սարգսյանի համար սա երկրորդական հարց է: Նա հիմա նոր տերմին է սովորել՝ թրենդ, և որոշել է մի որոշ ժամանակ էլ այդ բառի հաշվին ուղեղներ թմրեցնել, ինչպես անում է տարիներ շարունակ: Ի վերջո, ԵԱՏՀ-ն նրա հետ կամ առանց նրա որևէ էական փոփոխության չի ենթարկվի, մանավանդ որ Սարգսյանից ոչ թե օգնություն են ակնկալում, այլ չվնասելու խոստում: